Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին

Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին

PanARMENIAN.Net - Ապրիլի 29–ին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք։

Հանդիպմանը մասնակցել է Կիրանցի մոտ 10 բնակիչ։ Կիրանցիները կառավարությունից դուրս են եկան հուզված: Լրագրողների հետ նրանք գրեթե չեն շփվել, միայն 2 բառով ասելով՝ ամեն ինչ նույնն է մնում, նորություն չկա, հայտնում է «Ազատությունը»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը կիրանցիների հետ հասցրել էր շփվել, հայտնել է, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ոչ մի կոնկրետ բան չի ասել, նրա պատասխաններն ավելի են խորացրել տավուշցիների մտահոգությունները, հայտնում է Factor.am-ը։

«Ասել է՝ սահմանը կարող է էսպես անցնի, բայց կարող է նաև էնպես անցնի, նորից անորոշության, տագնապի մեջ է դրել բնակիչներին։ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին։ Էն պահանջները, ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկը չի ընդունվել, գոնե վերջին տարբերակով, որ սահմանը ոնց որ խորհրդային տարիներին անցել է, այնպես անցնի։ Չի ընդունվել։ Նույնիսկ սահմանը կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։

Փաշինյանի բառերն եմ ասում, ասել է՝ որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ։ Մարդիկ շոկի մեջ են, պիտի հասկանան՝ ինչ են անում։ Մեկն ասում է՝ տունս կվառեմ, մյուսն ասում է՝ մեկ այլ բան»,- փոխանցել է պատգամավորը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---