Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն

Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Տավուշի սահմանային հատվածների սահմանազատման նկարագրության արձանագրությունների ստորագրմանը, ասել է, որ դա մեծ հաջողություն է համարում։

«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն, երկու պատճառով։ Առաջինը, որ կարևոր անկյունաքար է դրվել մեր ինքնիշխանության և անկախության հետագա ամրապնդման համա։ Երկրորդ՝ մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, ինչն էականորեն բարձրացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով»,–ասել է նա։

Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար սկզբունքային էր, որ ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ Ալմաթիի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրվեն։

«Մենք ասում ենք, որ սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է նոր սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք եղել են ԽՍՀՄ փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն։ Սրա համար էինք հղում անում Ալմաթիի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա ամրագրվեց»,–ասել է նա։

2024թ. մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---