Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձե՛րդ Վսեմություն, ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։

Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ և գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն։

Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին»։

Մայիսի 19–ի երեկոյան, երբ հայտնի դարձավ Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին, որոնք վերադառնում էին Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, ՀՀ ԱԳՆ–ն իր աջակցությունն էր առաջարկել իրականակն կողմին։

«Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Աբդոլլահիանի և մյուսների հետ են։ Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,-ասվում էր ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։

Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն ԻԻՀ Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---