Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել

Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետի կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն ու նրա ղեկավարած պատվիրակությունը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում:

Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը: Ընդգծվել է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։

Նշվել է, որ անցակետի հիմնական շինարարական աշխատանքներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում՝ կառուցվել են հարմարավետ սպասարկման սրահ, խորը զննման անգար, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգված ընդարձակ հրապարակ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ՊԵԿ բարեփոխումներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում հարկային և մաքսային ոլորտներում արդեն իսկ ձեռբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: ԵՄ դեսպանը գոհունակություն է հայտնել անցակետում իրականացված աշխատանքներից։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել Մարգարայի անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն մինչ օրս այն չի գործում։

Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որը տեղափոխող բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատել են ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։

Թուրքիան փակել է ՀՀ հետ սահմանը 1993–ին՝ պայմանավորելով դա ղարաբաղյան հակամարտությամբ։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---