Դմիտրի Մեդվեդեւին չկարողացան համոզել, որ «Արեւելյան գործընկերությունն» ուղղված չէ Ռուսաստանի դեմ

PanARMENIAN.Net - ԵՄ-ն վստահեցրել է Ռուսաստանին, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, Մոսկվան նախկինի պես կասկածներ ունի այդ առումով: «Արեւելյան գործընկերությունը» ստեղծվել է Պրահայում երկու շաբաթ առաջ: Մենք քննարկեցինք այս խնդիրը առավոտյան մեր հանդիպման ժամանակ: Մենք փորձեցինք վստահեցնել նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, որ «Արեւելյան գործընկերության» գաղափարախոսությունը դրական արդյունքի համար է ստեղծվել եւ ոչ ոքի, առավել եւս ՌԴ-ի դեմ ուղղված չէ»,-Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ում նախագահող Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը: «Ես ցանկանում եմ հավաստիացնել նախագահ Մեդվեդեւին, որ սա է մեր որոշված դիրքորոշումը»,-ընդգծել է նա:



ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր կողմից նշել է, որ գագաթնաժողովում եվրոպացի գործընկերները փորձում էին նրան դրանում համոզել, սակայն մինչեւ վերջ չհամոզեցին: «Որոշ պահեր կան, որ մեզ մտահոգում են»,-ասել է ՌԴ նախագահը: Մի կողմից, նշել է Մեդվեդեւն, ամեն տեսակի գործընկերությունն ի տարբերություն հակամարտության, օրինակ, էներգետիկ ոլորտում, դա լավ է:



«Մենք Եվրամիությանը մեր գործընկերն ենք համարում, եւ Եվրամիությունը եւս այդպես է գտնում, եւ մենք մտադիր ենք զարգացնել այդ գործընկերությունը, հագեցնել այն նոր հնարավորություններով, բովանդակությամբ եւ այլն»,-ասել է նա: Մյուս կողմից, նշել է Մեդվեդեւը, եթե խոսենք «Արեւելյան գործընկերության» մասին ռուսական կողմի համար դեռեւս պարզ չէ, թե ինչ կերպ է «Արեւելյան գործընկերությունն» իրականացվելու:



«Կարծես թե այդ գործընկերության իմաստը կայանում է հենց տնտեսական ոլորտի զարգացման, տարբեր հնարավորությունների մեջ Արեւելայն Եվրոպայի զարգացման համար: Սակայն, մտահոգում է այն, որ որոշ պետությունների համար եւ նրանց կողմից այդ գործընկերությունն ընկալվում է որպես գործընկերություն Ռուսաստանի դեմ»,-ասել է նա: ՌԴ նախագահը պարզաբանել է, որ ի նկատի չունի ԵՄ ղեկավարությունը, խոսքն այլ պետությունների մասին է: «Մենք չէինք ցանկանա, որ «Արեւելյան գործընկերությունն» վերածվի Ռուսաստանի դեմ գործընկերության»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:



ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրում, որ ընդունվել է Լեհաստանի ու Շվեդիայի նախաձեռնությամբ եւ հաստատվել է ԵՄ 27 երկրների կողմից 2008թ. դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում: Ծրագրին մասնակցում են Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան ու Վրաստանը:



Ծրագրի նպատակն է այդ երկրները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին առանց անդամակցելու ԵՄ-ին: Ծրագրով նախատեսվում է այդ երկրների առավել սերտ համագործակցություն ԵՄ-ի հետ տնտեսական եւ քաղաքական ոլորտներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---