Էրդողանը «ֆաշիստական գործողություն է» անվանել ազգային փոքրամասնությունների տեղահանությունը

PanARMENIAN.Net - «Ազգային փոքրամասնությունների բռնի տեղահանումը ֆաշիստական գործողություններ են»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` ելույթ ունենալով Արդարության եւ զարգացման կուսակցության ամենամյա կոնգրեսում Դյուզչե գավառում: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուսը», Էրդողանի ելույթը պատմական տեղաշարժ է, քանի որ առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների բռնի տեղահանումը: Իր ելույթւոմ Թուրքիայի վարչապետը հիշատակել է 1955թ. սեպտեմբերի 6 եւ 7-ի իրադարձություններն, երբ ամբոխը հարձակվում եւ հրկիզում էր հույների խանութներն ու տները, ինչի համար առիթ հանդիսացավ «կեղծիքը» Սալոնիկում գտնվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան հրկիզման մասին:



Ջարդերից հետո բազում հույներ ստիպված եղան լքել Ստամբուլը, չնայած նրան, որ այդ քաղաքի բնիկներն էին: Ըստ իրավաբան Քեզբան Հաթեմիի, այն սեպտեմբերյան իրադարձություններից հետո երկիրը կորցրեց իր դեմքը եւ Էրդողանի ելույթն այն բանի վկայությունն է, որ կառավարությունը ջանում է վերացնել ժողովրդավարության ճանապարհի վրա գտնվող բոլոր խոչընդոտները:



Ստամբուլում լույս տեսնող հունական թերթի գլխավոր խմբագիր Միխալիս Վասիլիադիսը նշել է, որ նախկինում եւս նման խոսքեր է լսել եւ ոգեւորվել, սակայն ժամանակն է, որ դրանք շարունակություն ունենան: Իր հերթին լրագրող Ջենգիզ Աքթարն ընդգծել է, որ կարեւոր է հիշատակել բռնությունը եւ ազգային փոքրամասնությունների ջարդերը, որ իրականացվել են թուրքական պետության հիմնադրման առաջին օրերին: «Իրականում, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին օրենքները չեն գործում»,-ասել է նա:



Էրդողանի հայտարարությունը հարուցել է ընդդիմության խիստ քննադատությունը: «Սխալ է պախարակել Թուրքիայի պատմությունը «Ֆաշիզմ» բառով, հենվելով չհիմնավորված տեղեկությունների վրա»,-հայտարարել է Հանրապետական ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---