Թշնամու կերպարը շատ դժվար է հաղթահարել, երբ այն խորապես արմատացած է մարդկանց գիտակցության մեջ

PanARMENIAN.Net - Թշնամու կերպարն այն ֆենոմեններից մեկն է, որը շատ բարդ է հաղթահարել, երբ այն արդեն խորապես արմատացած է մարդկանց գիտակցության մեջ: Թշնամու կերպարը գրանցվում է ոչ միայն ԶԼՄ-ներում, այլ նաեւ պատմության դասագրքերում, այն կարծրատիպերում, որոնք արմատանում են կենցաղում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է International Alert -ի Եվրասիայի գծով նախագծերի համակարգող Դեսիսլավա Ռուսանովան: «Դա լուրջ խնդիր է ոչ միայն հայերի ու ադրբեջանցիների միջեւ թերըմբռնման, այլ նաեւ այդ հանրություններում ներքին ժողովրդավարական գործընթացների զարգացման համար: Ուստի հենց այսօր պետք է առավելագույն ջանքերը գործադրել այն կարծրատիպերը հաղթահարելու համար, որոնք խանգարում են կառուցել նորմալ հարաբերություներ»,-ասել է նա:



Ըստ Ռուսանովայի, կազմակերպելով հայ եւ ադրբեջանական հասարակությունների հանդիպումներ, International Alert-ն, անշուշտ, հույս չունի, որ շուտափույթ արդյունքներ կլինեն: «Մենք տեւական հեռանկարի հույս ունենք; Թեեւ եթե դիտարկենք գործընթացը, ապա հնարավոր կլինի կոնկրետ արդյունքների հասնել: Օրինակ, այժմ ոչ ոք չի վիճարկում, որ նման հանդիպումները հարկավոր են: Իսկ կար ժամանակ, որ այդպես չէր, երբեմն մեզ համար չափազանց դժվար էր լինում համաժողովներ կազմակերպել: Ահա այսպիսի, գուցե ոչ այնքան էական, բայց արդյունք: Միաժամանակ, մենք գտնում ենք, որ հասարակությունների միջեւ փոխհարաբերությունների ջերմացման համար անհրաժեշտ է միջոցառումների մի ողջ համալիր, բազում նախաձեռնություններ, ինչպես հանրությունների միջեւ, այնպես էլ հասարակությունների ներսում: Այն, ինչ հնարավոր է այսօր անել, հարկավոր է այսօր անել: Արդյունքները տեսանելի կլինեն ապագայում»,-ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---