ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի կեսին ժամանում են տարածաշրջան

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին աշխատանքային այցով Փարիզ ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի նստավայրում հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիչիկի հետ: Վեց ժամից ավելի տեւած բանակցությունների ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետեւ նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:



Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` ս.թ. հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի համաձայն նախարարները շարունակեցին բանակցությունները` քննարկելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցման նպատակով: Նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովն անդրադարձան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը: Բանակցությունների արդյունքում որոշվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի առաջին կեսին կայցելեն տարածաշրջան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---