Եգիպտոսում Հայաստանի դեսպանն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը

PanARMENIAN.Net - Եգիպտոսում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հուլիսի 21-ին հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Մոհամեդ Նազիֆի հետ:



Դեսպան Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իր աշխատանքի ընթացքում Եգիպտոսի կառավարության ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար: Դեսպանը հատուկ ընդգծել է Ահմեդ Նազիֆի կարեւոր դերակատարությունը 2005թ. Հայաստանի վարչապետի Եգիպտոս առաջին պաշտոնական այցելության եւ Կահիրեի համալսարանում Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ստեղծման գործում, որն իրականացվել է Եգիպտոսի վարչապետի հատուկ կարգադրությամբ 2007թ.:



Վարչապետը գոհունակությամբ նշել է վերջին տարիների ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման փաստը եւ բարձր գնահատել այդ ուղղությամբ դեսպան Կարապետյանի դիվանագիտական գործունեությունը: Նա վստահեցրել է, որ մշտապես ուշադրության ներքո կպահի հայ-եգիպտական հարաբերությունները, եւ հույս հայտնել, որ դրանք ապագայում նույնպես շարունակական զարգացում կապրեն:

Ահմեդ Նազիֆը դեսպանին խոստացել է Հայաստան այցելել առաջին իսկ հնարավորության դեպքում:



Դեսպան Ռուբեն Կարապետյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ վերջին 20 օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել նաեւ Եգիպտոսի արտաքին գործերի, միջազգային համագործակցության, բնապահպանության նախարարների, Եգիպտոսի գլխավոր վարչական վերահսկողական ծառայության պետի, Կահիրեի նահանգապետի եւ այլ պաշտոնատար անձանց հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---