Բաքուն եւ միջազգային հանրությունը չեն կարող Ղարաբաղին անվտանգությանն լավագույն մոդելն առաջարկել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է դիտարկել ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից: Դա եղել է հայկական ազգային փոքրամասնության պայքարն Ադրբեջանի ագրեսիայի դեմ : Խորհրդային տարիներին Ադրբեջանում էթնիկ եւ կրոնական խտրականության են ենթարկվել ոչ միայն Լեռնային Ղրաբաղի հայերը, այլեւ այլ ժողովուրդներ, որոնք, ի տարբերություն հայերի, մահմեդական էին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:



«Այն խնդիրները, որոնց բախվում է Ղարաբաղի ժողովուրդը, գոյություն են ունեցել նաեւ Ադրբեջանի հյուսիսային մարզերում, որտեղ բնակվել են լեզգիներն ու ավարները: Փաստորեն, երկրի ողջ հյուսիսային մասը բնակեցված է ոչ թյուրքալեզու մարդկանցով, որոնց նկատմամբ երկար տարիներ խտրականության քաղաքականություն էր կիրառվում: Այսօր այդ վիճակը հասել է իր կիզակետին», - նշել է հայ փորձագետը:



Նրա խոսքերով, այդ ժողովուրդների տարրական իրավունքների խախտման պայմաններում, նրանք կամ լքում են երկիրը, կամ ընտրում են ադրբեջանացման ուղին: «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման օրինակն Ադրբեջանի այլ ազգային փոքրամասնությունների համար ինքնահաստատման հնարավորություն է դարձել: Այդ համատեքստում ուղղակի թյուրիմացություն է կարծելը, որ Ադրբեջանը կկարողանա Լեռնային Ղարաբաղին անվտանգության երաշխիքներ տալ: Կարող է արդյո՞ք Ադրբեջանը կամ միջազգային հանրությունը Ղարաբաղին առաջարկել անվտանգության առավել լավ մոդել, քան ներկայումս է: Ես վստահ եմ, որ դա անհնարին է», - հայտարարել է Էդուարդ Աբրահամյանը: Ելնելով դրանից, փորձագետը հայկական կողմին կոչ է արել զգոնություն դրսեւորել եւ մոլորության մեջ չընկնել: Նրա խոսքերով, այսօր Հայաստանը պետք է հիշի, որ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները տարածաշրջանում նրա իրական դաշնակիցներն են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---