Հայաստանի ԱԳՆ-ն ու Եվրահանձնաժողովը քննարկել են մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի պարզեցման հարցերը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը` ԵՀ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Գունար Վիգանդի գլխավորությամբ:



Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Եվրոպական միության հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից են եւ Հայաստանը շահագրգռված է առավել զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ԵՄ հետ:



Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ, քննարկվեցին ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց, որ համագործակցության այս նոր ձեւաչափը զգալի ներուժ է պարունակում, եւ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին:



Գունար Վիգանդը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց այսօր Երեւանում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 10-րդ նիստի արդյունքները:



Կողմերը քննարկեցին մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները: Գունար Վիգանդը տեղեկացրեց, որ որոշում է ընդունվել ս.թ. նոյեմբերին ներկայացնելու Հայաստանի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրների հետ ասոցիացման համաձայնագրերի կնքման ծրագիրը:



Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` հույս հայտնելով, որ այդ նախագիծը կնպաստի բարեփոխումների իրականացմանը օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերում:



Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---