Համահայկական շրջագայությունը Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունները վերաիմաստավորելու հնարավորություն է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությունը Սփյուռքի խոշոր հայկական համայնքներ` կարեւոր նախաձեռնություն է ոչ միայն Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների քննարկման համար, այլ նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունները վերաիմաստավորելու հնարավորություն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը` ընդգծելով, որ իր անձնական կարծիքն է հայտնել: «Երկխոսությունը Հայաստանի ու Սփյուռքի միջեւ չափազանց կարեւոր է: Սփյուռքի հայտնի գործիչները կկարողանան ներկայացնել իրենց մոտեցումները եւ լսել Հայաստանի նախագահի պատասխանները»,-նշել է փորձագետը` հավելելով, որ այդ երկխոսությունը պետք է շարունակական բնույթ կրի:



Ըստ Հայկ Քոթանջյանի, Երեւանի երկխոսությունը Սփյուռքի հետ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: «Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի Հայաստան-Սփյուռք համագործակցությունը հիմնված լինի ավանդական հիմքերի վրա` Հայ դատի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Բացի այդ, անհրաժեշտ է կոնկրետ պլան մշակել, որպեսզի Հայաստանին առնչվող հարցերն ընդգրկվեն այն երկրների օրակարգում, որտեղ կան խոշոր հայկական համայնքներ»,-հայտարարել է Հայկ Քոթանջյանը: Նա նաեւ հավելել է, որ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը չի կարող լիարժեքորեն արտահայտել ողջ հայության գերակա շահերը, եւ շատ կարեւոր է, որպեսզի Սփյուռքը, լինելով շատ տարատեսակ, կարողանա միասնական մոտեցում ձեւավորել կարեւորագույն ազգային հարցերի վերաբերյալ:



Հայաստանի նախագահն առաջին անգամ համահայկական շրջագայություն կկատարի աշխարհի խոշորագույն հայկական համայնքներով: Սերժ Սարգսյանն կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով, որտեղ տեղի կունենան տարածաշրջանային հանդիպումներ: Այս այցի նպատակն է ծանոթանալ Սփյուռքի կարծիքներին եւ մոտեցումներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---