Սերժ Սարգսյան. Ցեղասպանության ճանաչումը միայն մեր խնդիրը չէ, դա համամարդկային խնդիր է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կարող դուրս գալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից: «Armenian Reporter»-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: « Ցեղասպանության միջազգային ճանաչման սատարումն ամրագրված է մեր Ազգային անվտանգության հայեցակարգում: Ինչպես կարող է որեւէ հայ հրաժարվել իր անցյալից, արդարության հաղթանակին հասնելու ձգտումից. Ցեղասպանության ճանաչումը միայն մեր՝ հայության խնդիրը չէ, այն համամարդկային խնդիր է»,- ասել է Սերժ Սարգսյանը:



Նախագահն առանձնապես ընդգծել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առանցքային նպատակն այն է, որ թուրք ժողովուրդը եւ Թուրքիան հետեւեն բազմաթիվ քաղաքակիրթ երկրների օրինակին եւ ճանաչեն Ցեղասպանության փաստը: Երբեւէ թուրքական հասարակության մեջ Հայոց Ցեղասպանության խնդրի քննարկումը չի ունեցել ներկայիս ծավալները: Վերջին տասնամյակում թուրք հասարակության մեջ սկսել է իր ձայնը բարձրացնել մի հատված, որի ներկայացուցիչները, չնայած տասնամյակների պետական հակաքարոզչությանը, պատրաստ են սթափ եւ պատասխանատու հայացքով նայել իրենց պատմության մութ էջերին: «Մենք պետք է աջակցենք այդ գործընթացին: Խնդիրը միայն հայ-թուրքական հաշտության մեջ չէ, կա նաեւ թուրքերի ներկա սերունդների` իրենց պատմության հետ հաշտվելու խնդիր: Կարծում եմ մեր այս նախաձեռնությունը որոշակիորեն դռներ է բացում նաեւ այդ ներքին քննարկման, ներքին հաշտեցման համար»,- նշել է ՀՀ ղեկավարը:



Խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական ենթահանձնաժողովի մասին` Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ենթահանձաժողովի նպատակն է երկու կողմերի միջեւ պատմական հարթության շուրջ երկխոսություն ծավալելը` նպատակ ունենալով ապահովել փոխվստահության վերականգնումը: «Սա երկարատեւ գործընթաց է, որը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ հայկական ժառանգության խնդիրները Թուրքիայում, դրա վերականգնման, պահպանման խնդիրները, ցեղասպանության զոհերի ժառանգների խնդիրը: Հնարավոր չէ հարաբերություններ հաստատել որեւէ երկրի հետ` առանց երկխոսելու կողմերին հուզող խնդիրների շուրջ: Իսկ պատմության ուսումնասիրությունից պետք է վախենա պատմություն կեղծողը»,- նշել է պետության ղեկավարը` ավելացնելով, որ ստեղծվելիք հանձնաժողովի եւ դրա ենթահանձնաժողովների օրակարգը սահմանելու են կողմերը, այսինքն` Հայաստանն ու Թուրքիան: Նա հայտնել է նաեւ, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները երբեք թույլ չեն տա օրակարգում հարցերի այնպիսի ձեւակերպումներ, որոնք կարող են վիրավորական լինել հայ ժողովրդի համար:



«Ես խորապես վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցայսօր չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, վաղ թե ուշ դա անելու են: Այս ուղղությամբ մեր ամենակարեւոր կռվանն են ցեղասպանության խնդիրներով զբաղվող խոշորագույն գիտնականների եւ իրավաբանների գնահատականները, ինչպես նաեւ հարցի ներառումը բազմաթիվ երկրների ուսումնական ձեռնարկներում»,- ասել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---