Ղարաբաղյան հիմնախնդրի կապը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կհանգեցնի բացասական արդյունքների

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական փոխհարաբերությունների խնդիրների մասին պետք է բացահայտ խոսել: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Հանրային խորհրդի անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Ինձ թվում է, որ մեր թուրք գործընկերները հասկանում են, թե որքան դժվար է մի երկրի համար, որը Ցեղասպանություն է վերապրել եւ մինչ օրս պայքարում է այդ փաստի հերքման դեմ, որեւէ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Որքան դժվար է այդ հարաբերությունները հաստատել առանց նախապայմանների եւ կատարել այդ քայլը, երբ հենց Անկարան է նախապայմաններ առաջադրում»,- ասել է Կարեն Բեքարյանը:



Փորձագետի խոսքով, եթե Թուրքիան շարունակի Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ անել, ապա նա չափազանց բացասական ազդեցություն կունենա այդ հակամարտության կարգավորման գործընթացի ինքնուրույնության վրա: «Վերջին տարիների ընթացքում կարելի էր հասկանալ, որ այդ հարցի վերաբերյալ Անկարայի բոլոր հայտարարություններն ավելի ռադիկալ են դարձնում այդ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման կապումը Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կարող է բացասական արդյունքների հանգեցնել երկու գործընթացների համար»,- ընդգծել է Կարեն Բեքարյանը:



Նա նշել է, որ վատ չէր լինի, եթե Թուրքիան ղարաբաղյան հիմնահարցին մեկ այլ դիտակետից նայեր` հայ փախստականների վերադարձը Անատոլիա եւ նրանց հատուցման տրամադրումը: «Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ Անկարան բարոյական իրավունք կունենա խոսելու ադրբեջանցի փախստականների կամ Ղարաբաղի յոթ շրջանները Ադրբեջանին վերադարձնելու մասին»,- նշել է փորձագետը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---