Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կկայունացնի Հարավային Կովկասը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասի կայունացմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը լուրջ փոփոխություններ է ենթադրում տարածաշրջանում: Ակնհայտ է, որ Վրաստանի դերը` որպես փոխադրող երկիր, կնվազի եւ որոշ ծրագրված նախագծեր ռիսկի տակ կհայտնվեն»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:



Նրա խոսքով, կնկատվեն տարածաշրջանում Իրանի դերի հետ կապված փոփոխություններ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, քաղաքագետի կարծիքով, Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման դեպքում Ադրբեջանի դիրքերը զգալիորեն կթուլանան:



Խոսելով հայ-թուրքական երկխոսության վրա արտաքին ճնշման մասին` Կովկասի Ինստիտուտի տնօրենը նկատել է, որ Անկարայի վրա ամերիկյան ճնշումը միշտ էլ էական գործոն է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, եւ որպես դրա վառ օրինակ է բերել Արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում:



Պատասխանելով Թուրքիայի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ դառնալու հնարավորության մասին հարցին` Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է, որ ներկա աշխարհաքաղաքական իրադրության մեջ այդ մասին խոսելը պարզապես անիրատեսական է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---