«Ժառանգությունը» Հայաստանին կրկին կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման թեման կրկին ակտուալ է դարձել ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ քաղաքական դաշտում, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ հաղորդել, որ կուսակցությունը, կարեւորելով Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, մեկ շաբաթ առաջ հերթական անգամ հայ խորհրդարանականներին առաջարկեց ծանոթանալ Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին:



Պատգամավորի խոսքով, Հայաստանի զանազան քաղաքական շրջանակներն ու ԼՂՀ ղեկավարությունը հայ-թուրքական հարաբերությունների առիթով անուղղակիորեն խոսել են Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին: «Հայաստանը պետք է պարտադիր ճանաչի ԼՂՀ անկախությունը, որպեսզի իրավունք ունենա նույնը պահանջելու մյուս երկրներից»,- նշել է Բախշյանը:



Անահիտ Բախշյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կնպաստի նրա` որպես լիիրավ անդամի ներգրավմանը բանակցային գործընթացի մեջ: Նա ավելացրել է նաեւ, որ Արցախի անկախության ճանաչումից հետո նրա նկատմամբ պետք է փոխվի նաեւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքը, քանի որ այն արդեն ճանաչված պետություն է լինելու:



Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչպիսի սահմաններով է «Ժառանգությունն» առաջարկում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, պատգամավորը պատասխանել է, որ իրենց կուսակցությունը ելնում է ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածից, որում ամրագրված է, որ «ԼՂՀ կազմի մեջ մտնում են բոլոր ազատագրված տարածքները»:



«Չնայած, որ երկու կառավարող կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստանն» արդեն արտահայտվել են այդ գաղափարի դեմ, մենք շարունակելու ենք պնդել, որպեսզի օրինագիծը գոնե այս անգամ մտնի խորհրդարանի մեծ օրակարգի մեջ»,- նշել է Բախշյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---