«Միլիեթ». Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոխվում է

PanARMENIAN.Net - «Բազմակողմանիությունը» չի պահանջում «հիմնական ուղղության» փոփոխություն»,-գտնում է Սամի Քոենը

Ակնհայտ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ վերջերս լուրջ փոփոխություններ են կատարվել: Արեւմուտքում տագնապով դրան հետեւողները մտավախություն են հատյնում, որ Թուրքիան աստիճանաբար հեռանում է եւ շեղվում է դեպի Արեւելք (հատկապես Մերձավոր Արեւելք): Ասում են նաեւ, որ նման տեղաշարժի հետեւանքով Անկարան կարող է հեռանալ Արեւմուտքից: Այդ մասին գրում է Սամի Քոենը «Միլիեթ» թերթում:



«Ակնհայտ է, որ Թուրքիան փոխվել է, քանի որ փոխվել է համաշխարհային կոնյուկտուրան: «Սառը պատերազմի» տարիների Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կողմնորոշված էր դեպի Արեւմուտք եւ Անկարան ներքին ու արտաքին սպառնալիքների առջեւ գործում էր իր արեւմտյան դաշնակիցների հետ համաձայնեցված: Այն տարիներին Թուրքիան հնարավորություն չուներ առավել անկախ քաղաքականություն վարել: «Սառը պատերազմի» ավարտի հետ փոխվեցին նաեւ միջազգային պայմանները, եւ Թուրքիան մի շարք հարցերում սկսեց գործել, ելնելով իր սեփական շահերից»,-ասվում է հոդվածում:



Ըստ Քոենի, այժմ բոլորովին այլ իրավիճակ է, քանի որ աշխարհն է փոխվել, փոխվել է նաեւ Թուրքիան: «Առաջին հերթին, աշխարհն այլեւս չի կիսվում երկու մասի, ինչպես «սառը պատերազմի» ժամանակ: Արեւմուտքն, իր այնպիսի ինստիտուտներով, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն եւ քաղաքական ու մշակութային արժեքները, նախկինի պես շարունակում է կարեւոր ուժ հանդիսանալ, սակայն նրան անդամակցող երկրները, անկախ կապերից, կարող են երբեմն գործել` ելնելով սեփական շահերից: Տարածաշրջանը, որտեղ գտնվում է Թուրքիան (Մերձավոր Արեւելք-Կովկաս-Բալկաններ), վերածվել է տարածաշրջանի ամենանյարդային տարածաշրջանի, ինչը հնարավորություն է տալիս Անկարային աստիճանաբար վերածվել տարածաշրջանային խաղացողի եւ սեփական նախաձեռնությամբ հանդես գալ: Թուրքիան անկախ է գործում Արեւմուտքից, եւ իրոք սկսել է առավել նոր ու սերտ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի երկրների հետ, առաջին հերթին ՌԴ-ի, Սիրիայի, Իրաքի ու Իրանի հետ: Իրականում Արեւմուտքն այժմ մտահոգված է ոչ թե Թուրքիայի մերձեցմամբ ՌԴ-ի կամ Իրաքի հետ, այլ Իրանի: «Արեւմուտքը մտահոգված է նրանով, որ Թուրքիան ստանձնել է Իրանի պաշտպանի դերը միջուկային հարցում, ինչպես նաեւ նրանով, որ նա մի կողմից մերձենում է արաբական եւ իսլամական երկրների հետ, իսկ մյուս կողմից` կոշտ դիրքորոշում է որդեգրել Իսրայելի հարցում: Դա, իր հերթին, գնահատվում է որպես Անկարայի նահանջ հավասարակշռված քաղաքականությունից»,-ասվում է հոդվածում:



Մինչդեռ, ըստ Քոենի, կատարվողն ամենեւին էլ չի նշանակում, թե Թուրքիան հեռանում է Արեւմուտքից եւ փոխում է ուղղվածությունը: «Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ չեն փոխվում ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին վերաբերող գերակայությունները: Փոփոխությունները վերաբերում են միայն նոր կապերի ստեղծմանն ու «բազմակողմ ռազմավարության» որդեգրմանը: «Բազմակողմանիությունը» չի պահանջում «հիմնական ուղղության» փոփոխություն»,-գտնում է Սամի Քոենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---