ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի նոր բան չի ասել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունն այն մասին, որ «Երեւան-Անկարա բանակցություններում արծարծվել են նաեւ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր», վկայում է այդ երկու գործընթացների փոխկապակցվածության մասին եւ այդ առումով ռուս դիվանագետի հայտարարությունը նորություն չդարձավ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:



«Ինձ թվում է, որ նման հայտարարությունը վկայում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ սակարկության մասին, որոնք մինչ այժմ լռում էին, սակայն հիմա համաձայնության են եկել առ այն, որ ղարաբաղյան եւ հայ-թուրքական գործընթացները շաղկապված են»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, չի կարելի մոռանալ, որ 1993թ. Թուրքիան փակեց սահմանը Հայաստանի հետ հենց ղարաբաղյան հակամարտության պատճառով:



Ինչպես ընդգծել է Ռ.Մեհրաբյանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը օրգանապես կապված է ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի հետ, եւ եթե այդ գործընթացներից մեկում առաջընթաց լինի, մյուսում եւս կլինի: «ՌԴ-ն, ինչպես եւ մյուս խաղացողները, ցանկանում են, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա, քանի որ այդ հարցի լուծումն ավելի շահավետ է, քան ներկա իրավիճակի պահպանումը»,-հայտարարել է փորձագետը:



Նախկինում Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է հետեւյալը. «Որքանով մեզ հայտնի է, «Երեւան-Անկարա բանակցություններում արծարծվել են նաեւ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր: Հավանաբար հարցերի այդ համալիրը եւս հաշվի է առնվում է այս գործընթացում: Հուսանք, որ այս ամենը համալիր լուծում կստանա միջազգային կազմակերպությունների որոշումներին համաձայն եւ կբխի տարածաշրջանի երկրների շահերից»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---