19 նոյեմբերի 2009 - 15:58 AMT
Իրանը հրաժարվել է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկից
Թեհրանը հրաժարվել է հետագա մշակման համար իրանական ցածր հարստացված ուրանը արտասահման ուղարկելու` ՄԱԿ առաջարկած ծրագրից: Այդ մասին հայտնեց Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթթաքին: Նրա խոսքով, դրա փոխարեն կառավարությունը դիտարկում է վառելիքի հետ ուրանի փոխանակման հնարավորությունը Իրանի տարածքում, հաղորդում է ISNA իրանական գործակալությունը:
ԱՄՆ Պետքարտուղարության մամլո քարտուղար Իան Քելլիի խոսքով, ԱՄՆ-ն նախկինի պես պաշտոնական պատասխան է սպասում Թեհրանից ՄԱԳԱՏԷ-ի առաջարկի վերաբերյալ: Մոթթաքիի հայտարարությունները, ասաց նա, մեզ «չեն համոզում», որ Իրանը կընդունի առաջարկը:
Հոկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ն ներկայացրեց ծրագրի նախագիծը, որի համաձայն ցածր հարստացված ուրանի ավելի քան 70 տոկոսը Իրանից Ռուսասատն ու Ֆրանսիա է ուղարկվելու, որտեղ վերամշակվելու է Թեհրանում բժշկական հետազոտական ռեակտորի համար վառելիքի:
Ծրագրի նպատակն է` վերացնել միջազգային հանրության անհանգստությունը Իրանի միջուկային ծրագրի առիթով, որը, Արեւմուտքի կարծիքով, ուղղված է միջուկային զենքի ստեղծմանը: Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: