ԼՂՀ-ն մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Սփյուռքի հետ

PanARMENIAN.Net - ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամներին` ԿԿ ներկայացուցիչ Ավետիկ Իզմիլյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Սփյուռքի հետ ԼՂՀ համագործակցության հարցեր:



Զրույցի ժամանակ Հարությունյանը նշել է, որ Ղարաբաղի հետեւողական զարգացումը հայ պետականության ամրապնդման կարեւորագույն բաղադրիչներից է, որի ընթացքում հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է համախմբվեն: Այս համատեքստում Արա Հարությունյանը կարեւորել է Շուշիի վերականգնումը, ինչը ԼՂՀ հզորացման կարեւորագույն հիմքերից մեկն է:



Հանդիպմանը ներկա էին նաեւ Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:



Նույն օրը Արա Հարությունյանն այցելեց նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի գրասենյակ եւ հանդիպեց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի, ինչպես նաեւ Եկեղեցական թեմական խորհրդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:



Զրույցի ժամանակ Արա Հարությունյանն ընդգծել է ՀԱԵ դերը Սփյուռքի հետ ԼՂՀ-ի հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործում, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---