Բրիտանական կառավարությունը մոլորության մեջ է գցել իր ժողովրդին Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամության խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը ներկայացրել է իր իրավաբանական եզրակացությունը եւ արտգործնախարարության ու Մեծ Բրիտանիայի ազգերի համագործակցության փաստաթղթերը Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամության խորհրդարանական խմբում:

Ջեֆրի Ռոբերտսոնի ներկայացրած փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մոլորության մեջ է գցել բրիտանացի նախարարներին, խորհրդարանականներին եւ իր երկրի ժողովրդին Հայոց ցեղասպանության հարցում:



Ելույթ ունենալով եզրակցության ներկայացման ընթացքում, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանն ընդգծել է այս գործընթացի կարեւորությունը, որը վկայում է այն մասին, որ բրիտանական կառավարությունը չի ցանականում ճանաչել: Հայոց ցեղասպանությունը ոչ թե այն պատճառով, որ չկան անհրաժեշտ ապացույցներ, այլ լոկ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Վահե Գաբրիելայնը նշել է, որ Հայաստանի կառավարությունը, չնայած նրան, որ այժմ Հայաստանը գտնվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, չի զոհաբերի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը: Ըստ հայ դիվանագետի, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ աշխարհի ողջ հայության նպատակը եւ դա չպետք է խոչընդոտի հարաբերությունների հաստատմանը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ:



Իր հերթին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը ներկա էր միջոցառմանը, հատվածներ ընթերցեց այն նամակներից, որոնք ստացվել են մինչեւ 1994թ. Մեծ Բրիտանիայի նախորդ կառավարությունների ներկայացուցիչներից, որտեղ նրանք ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: Այնուհետեւ բարոնուհին ներկայացրել է 126 պատմաբանների համատեղ հայտարարության կետերը, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաեւ մի քանի նամակներ, որտեղ բրիտանացի պաշտոնյաները եւ խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնում Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:



2008 թվականին Իրավական նախաձեռնությունների հայկական խումբը (ALIG) հիմնադրամ բացեց եւ հանձնարարեց թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնին սեփական եզրակացությունը ներկայացնել Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտների վերաբերյալ: Ջ.Ռոբերտսոնի իրավաբանական եզրակացությունը այն բանի վկայությունն է, թե որքան հեշտ կարող է ԱԳՆ-ն մանիպուլյացիայի ենթարկել կառավարության քաղաքականությունը: Ռոբերտսոնի «Եղե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանությունը» եզրակացությունն ուղարկվել է նախարարների կաբինետ, բրիտանացի խորհրդարանականներին, դիվանագետներին, պատմաբաններին, գիտնականներին, ԶԼՄ-ներին:



«Իրավաբանական եզրակացությունը» ստացած եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամ հանդիսացող 40 խորհրդարանականներից (ներառյալ նախարարների երեք կաբինետները) եւ ոչ մեկը կասկածի տակ չդրեց այդ եզրակացությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---