ԵՄ-ն Լիսաբոնի պայմանագրից հետո

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի Եվրոպական ինտեգրման հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Մոսկվայի եվրոպական հետազոտությունների ասոցիացիայի նախագահ Յուրի Բորկոյի «Եվրամիության հեռանկարները Լիսաբոնից հետո եւ Ռուսաստանի ու Եվրամիության հարաբերությունների ապագան» թեմայով դասախոսությունը



«2009թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած Լիսաբոնի պայմանագիրը լոկ ինստիտուցիոնալ բնույթի բարեփոխում է, որոշումների մշակման եւ ընդունման առավել արդյունավետ մեթոդ, որի նպատակն է քաղաքական եւ հոգեբանական խթան հանդիսանալ ԵՄ հետագա զարգացման վերաբերյալ լավատեսության վերածնման համար, սակայն չի տալիս այն խնդիրների լուծումը, որոնց հետ մշտապես բախվում է ԵՄ-ն»,-ասել է Բորկոն: Առաջին հերթին, ԵՄ-ի ներսում չկա եվրոպական ինտեգրման վերջնական նպատակի իմաստավորում: ԵՄ-ն բազմազգ ու բազմակրոն մի կազմավորում է , որի ներսում, օրինակ, մահմեդական բնակչության ինտեգրման գործընթացը հարթ չի գնում: 2009-ի հուլիսին Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ ավելի շատ տեղեր գրավեցին ծայրահեղական, ազգայնական հայացքների տեր պատգամավորները, առկա է անջատողականության խնդիրը, օրինակ, Կատալոնիայում: «Ելնելով ստեղծված իրավիճակից, հնարավոր են ԵՄ զարգացման մի քանի սցենարներ: Առաջինը` ԵՄ հետագա զարգացումն է տնտեսական ինտեգրման շեշտադրմամբ եւ ընդլայնման հանդեպ զգուշավոր մոտեցմամբ: Երկրորդը` ԵՄ-ի մասնատումն է, խմբավորումների ստեղծումը, օրինակ, ՌԴ-ի հետ էներգետիկ համագործակցության մեջ շահագրգռված երկրների խմբավորում: Երրորդը` տեսականորեն նույնպես հնարավոր, ԵՄ փլուզումն է, հաշվի առնելով այն փաստը, որ ազգային ինքնության ձգտումը, որը ետին պլան էր մղվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կրկին նկատելի է այսօր ԵՄ-ում:



Միեւնույն ժամանակ, ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերություններն անկայուն դիրքում են համագործակցության եւ մրցակցության միջեւ»,-ասել է ռուս գիտնականը: Ընդ որում, ըստ նրա, մրցակցությունը ԱՊՀ տարածքում առավել սուր է լինելու: ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն, ուղղված ԵՄ-ի հետ վեց հետխորհրդային հանրապետությունների` Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցության ամրապնդմանը, որն ընդունվեց ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ճգնաժամից հետո, ինչը կապված էր Վրաստանի դեմ պատերազմի հետ: Սակայն նրա իրական նշանակությունը մեծ չէ, հաշվի առնելով այն, որ հատկացված գումարը` 600 մլն եվրոն այնքան էլ մեծ չէ, այդ ծրագրում ներգրավված երկրներում տնտեսական հասարակության ստեղծումը բարդանում է նրանց միջեւ չլուծված հակամարտություններով: Այդպես, Ադրբեջանը հրաժարվում է տնտեսական ընկերակցություն ստեղծել, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: Սակայն նկատվում է ԱՊՀ երկրներից առեւտրային հոսքերի որոշ վերաբաշխում ի օգուտ ԵՄ-ի, դեպի ՌԴ գնացող հոսքերի համեմատ: Ռուսաստանի, ԵՄ-ի եւ ԱՊՀ երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացումը կախված կլինի նրանից, թե ինչպես ՌԴ-ն կկարողանա վերակառուցել ԱՊՀ երկրների հետ իր հարաբերությունների սկզբունքները»,-ասել է Բորկոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---