Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հաշտեցմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, եւ այդ հարցում Մոսկվայի դիրքորոշումը նույնն է, ինչ-որ նախկինում էր, այսինքն` որքան շուտ կարգավորվեն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, այնքան ավելի լավ կլինի ողջ տարածաշրջանի համար: Այս մասին Երեւանում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:



«Մենք պատրաստ ենք աջակցել այս գործընթացին`ինֆրակառուցվածքային նախագծերի իրականացման միջոցով, որոնցով շահագրգռված են ե'ւ Հայաստանը, ե'ւ Թուրքիան: Դրանք են` ե'ւ էլեկտրաէներգիայի մատակարարումը, ե'ւ երկաթուղային հաղորդակցությունը», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Նրա խոսքերի համաձայն, երբ Հայաստանն ու Թուրքիան պատրաստ կլինեն հարաբերությունները կարգավորելուն` Մոսկվան ուրախությամբ իր ավանդը կներդնի այդ գործընթացում:



Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է նաեւ, որ Մոսկվան որեւէ կապ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջեւ: «Արհեստականորեն այդ երկու հարցերն իրար կապելը, իմ կարծիքով, բարոյական չէ: Մոսկվան գտնում է, որ այդ երկու հարցերն էլ աջակցության կարիք ունեն, սակայն արհեստականորեն պայմաններ առաջ քաշելը սխալ է», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ. -ին միջնորդ էր հայ-թուրքական բանակցությունների ընթացքում:



1923 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն, առանց հաշվի առնելու տեղի բնակչության կարծիքը, ԽՄԿԿ Կովկասյան բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ձեւավորվում է որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:



65 տարի անց Ղարաբաղում սկսվում է համազգային շարժում` պատմական հայրենիք Հայաստանին վերամիավորվելու համար: 1991 թ. դեկտեմբերի 10-ին անցկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հանրաքվե: 1991թ. դեկտեմբերի 28-ին տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ձեւավորվում է առաջին կառավարությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---