Ղարաբաղին ոչ ոք չի կարող ստիպել ընդունել այնպիսի պայմաններ, որոնք անընդունելի են ԼՂՀ-ի բնակչության համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղի ժողովրդի կամքին դեմ գործող ղեկավարի որոշումները չեն ընկալվի եւ չեն իրագործվի, հինգշաբթի օրը Ստեփանակերտում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:



«Ղարաբաղին չեն կարող պարտադրել մի իրավիճակ, որը չի ընդունվի մեր ժողովրդի կողմից: Եթե մեր ժողովուրդը կհամաձայնի այս Մադրիդյան սկզբունքներին` ղեկավարությունը կբանակցի, չի համաձայնի` չի բանակցի եւ չի ստորագրի որեւէ փաստաթղթի տակ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մովսես Հակոբյանը` հավելելով, սակայն, որ ծանոթ չէ Մադրիդյան սկզբունքների հետ:



Ղարաբաղի պաշտպանության նախարարը ընդգծեց, որ անձամբ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ վստահում է նրան եւ համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի գնա որեւէ քայլի, որը չի ընդունվի Ղարաբաղի ժողովրդի կողմից։



1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:



65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:



Մադրիդյան սկզբունքները ընդունվել են ԵԱՀԿ-ի գագաթնաժողովին Մադրիդում, 2007 թ-ի նոյեմբերին, եւ պարունակում են ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մադրիդյան սկզբունքների մանրամասները չեն հրապարակված:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---