Կառլ Ֆրոչ. Հուսով եմ, որ Աբրահամը կհաղթի Դիրելի հետ մենամարտում

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է fightnews.com-ը, Կ.Ֆրոչը (Անգլիա), որը ,Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում ապրիլի 17-ին կհանդիպի Դանիան ներկայացնող Միկկել Քեսլերի հետ, կանխատեսումներ է արել Անդրե Դիրել (ԱՄՆ)-Արթուր Աբրահամ (Գերմանիա) մենամարտի վերաբերյալ:



Ֆրոչը գտնում է, որ Աբրահամն արժանի մարդ է, չնայած նրան, որ չի տիրապետում անգլերենին: «Արթուրը լավագույնս ընկերակցեց ինձ ԱՄՆ-ում մրցաշարի բացման օրերին: Դիրելն արագաշարժ է, լպրծուն եւ ոչ այնքան ազնիվ մրցակից: Նա փաստորեն փորձում էր գողանալ ինձնից ռաունդները եւ գրեթե հասավ դրան, սակայն նման մոտեցումը պատշաճ չէ բռնցքամարտին»,-ասել է բրիտանացի մարզիկը:



Ֆրոչը կարծում է, որ Աբրահամը շատ լավ է պաշտպանվում եւ Դիրելին հազիվ թե դա հաջողվի: «Վերջին տպավորիչ նոկաուտները Աբրահամի կատարմամբ ցույց են տալիս, որ նա իրոք ուժգին է հարվածում: Հարցն այն է, թե կլինի նա արդյո՞ք այնքան արագաշարժ, որ հասնի Դիրելին: Ես կարծում եմ, որ մենամարտը բավական ձանձրալի կլինի եւ եթե ինչ-որ արժանի բան տեղի ունենա, դա կանի Արթուրը: Ես կցանկանայի, որ Դիրելը զարմացնի մեզ բոլորիս եւ հարձակման գնա, ոչ թե վախեցած տեսք ունենա: Դա խայտառակություն կլինի Աբրահամի եւ բռնցքամարտի համար, եթե Դիրելը այնպիսի մարտավարություն տանի, որ հաղթող ճանաչվի: Ես կցանկանայի, որ Աբրահամը հաղթեր: Դա թույլ կտա կազմակերպել մրցաշարի ամենահետաքրքրական մենամարտը»,-ասել է Ֆրոչը:



Կարլ Ֆրոչը բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, որը հանդես է գալիս 2-րդ միջին քաշային կարգում: 2001թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր է սիրողական բռնցքամարտում: 2007թ. նոյեմբերին Ֆրոչը հաղթեց տեխնիկական նոկաուտով 5-րդ ռաունդում Ռոբին Ռիդին: 2008թ. մայիսին տեղի ունեցավ երկու անհաղթ բռնցքամարտիկների` Ֆրոչի ու լեհ Ալբերտ Ռիբացկու մենամարտը, որտեղ Ֆրոչը հաղթեց: 2009 թ. Ֆրոչը մասնակցեց ,Super Six World Boxing Classic» մրցաշարին: Մրցաշարի շրջնականերում նա հաղթեց ամերիկացի Անդրե Դիրելին եւ ունի 2 միավոր:



2009թ. Showtime հեռուստաալիքը որոշեց անցկացնել գերմիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների մեծ մրցաշար` ,Super Six World Boxing Classic» մրցաշարը: Այդ միջոցոռւմն անցնում է շրջանակային համակարգով եւ կտեւի երկու տարի: Յուրաքանչյուր մեմամարտի համար մասնակիցը ստանում է միավորներ` երկու միավոր հաղթանակի դեպքում, երեք` վաղաժամկետ հաղթանակի դեպքում: Չորս լավագույն մարզիկները կանցնեն կիսաեզրափակիչ, հաղթողները կհանդիպեն եզրափակչում: Մրցաշարին մասնակցում են Արթուր Աբրահամը (Գերմանիա), Կառլ Ֆրոչը (Անգլիա), Միկկել Քեսլերը (Դանիա), Անդրե Դիրելը (ԱՄՆ), Ջերմեն Թեյլորը (ԱՄՆ), Անդրե Ուորդը (ԱՄՆ)::



Այսօրվա դրությամբ մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի.

Արթուր Աբրահամ (Գերմանիա)-3 միավոր

Անդրե Ուորդ (ԱՄՆ)-2 միավոր

Կառլ Ֆրոչ (Անգլիա),-2 միավոր

Ջերմեն Թեյլոր (ԱՄՆ)-0 միավոր

Միկկել Քեսլեր (Դանիա)-0 միավոր

Անդրե Դիրել (ԱՄՆ)-0 միավոր:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---