Հռոմի պապն ընդգծել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Բենեդիկտ XVI հունվարի 16-ին ամենամյա հանդիպում անցկացրեց Վատիկանին առընթեր հավատարմագրված դեսպանների հետ: Նման ունկնդրումների ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը դեսպանների ուշադրությունը դարձնում է համաշխարհային հիմնախնդիրներին, որոնք ինքն առավել կարեւոր է համարում: Ելույթ ունենալով հանդիպման ժամանակ` Հռոմի պապը նշեց 2009 թվականի ձեռքբերումները, այդ թվում անդրադարձավ նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին:



«Ես ուրախ եմ, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են հասել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործում եւ հուսով եմ, որ որ երկխոսության միջոցով Հարավային Կովկասի բոլոր երկրներին կհաջողվի բարելավել միմյանց միջեւ հարաբերությունները»,- հայտնեց Հռոմի Սրբազանը, հաղորդում է Vatican Radio-ն:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց:



Նորին Սրբություն Բենեդիկտ XVI (աշխարհիկ անունը` Հովսեփ Ալոիս Ռատցինգեր)` Հռոմի 265-րդ Պապն է (2005թ. ապրիլի 19-ից): Բենեդիկտ XVI առաջին Հռոմի պապն է Պողոս IV-ի ժամանակից ի վեր, որն ընտրվել է, լինելով Կարդինալների կոլեգիայի դեկանը, առաջին կարդինալ-եպիսկոպոսն է, որը պապական աթոռին է ընտրվել Պիոս VIII ժամանակից ի վեր, առաջին Պապն է Բենեդիկտ XIII-ի ժամանակից ի վեր, որը երկար ժամանակ կարդինալի աստիճան է ունեցել նախքան ընտրվելը, գերմանական ծագում ունեցող առաջին Պապն է վերջին հազարամյակի ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---