Nabucco-ի ակտուալության նվազումը թուլացնում է Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Միջին Ասիայի, մասնավորապես, Թուրքմենստանի, գազի պաշարների գնումից հետո, Nabucco նախագծի արդիականությունը նվազել է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:



Ըստ Մինասյանի, Nabucco-ի ակտուալության նվազումը միանգամայն բնական է, քանի որ Ադրբեջանի գազի ռեսուրսները չեն կարող լցնել գազամուղը, իսկ Միջին Ասիայի երկրների պաշարները գնել է Ռուսաստանը: «Այդպիսով, դա կհանգեցնի Ադրբեջանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում Արեւմուտքի համար»,-ասել է պատգամավորը:



ՀՀԿ ներկայացուցիչը նշել է նաեւ, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում Յանուկովիչի հնարավոր հաղթանակի դեպքում, գազային վեճը Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ կհարթվի: «Ինչն, իր հերթին, կնվազեցնի ռուսական «Երկնագույն հոսք» գազամուղի կառուցման արդիականությունը»,-ասել է պատգամավորը` հավելելով, որ այդ դեպքում ինքնաբերաբար կնվազի նաեւ Թուրքիայի դերը, քանի որ նա պետք է տարանցիկ երկիր հանդիսանար դեպի Եվրոպա ռուսական գազի առաքման համար:



Nabucco-ի երկարությունը պետք է լինի 3,3 հազար կմ` Թուրքմենստանից եւ Ադրբեջանից մինչեւ ԵՄ երկրներ, առաջին հերթին Ավստրիա եւ Գերմանիա: Նախագծային հզորությունը տարեկան 26-32 մլրդ խմ Է: Խողովակաշարի նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար եւ նախատեսում է գազի առաքում դեպի եվրոպական երկրներ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Ավստրիայի տարածքով: Այն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը եւ տարեկան կտեղափոխի շուրջ 31 մլրդ խմ գազ: Գազամուղի շինարարությունը նախատեսվում է սկսել 2010 թ., իսկ գազի առաքումները` 2014-ին: Սկզբնական շրջանում , 2004թ. ներկայացված նախագծով նախատեսվում էր գազ առաքել Իրանի Պարսից ծոցում գտնվող հանքերից: 2006-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնության պատճառով, որոշվեց փոխել նախագիծն այնպես, որ հնարավոր լինի գազ առաքել Թուրքմենստանից ու Ադրբեջանից: Հարավային Օսեթիայի հակամարտությունից հետո քննարկվեց նաեւ Հայաստանի տարածքով խողովակաշարի անցկացման հնարավորությունը:



2009թ. հունվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը շաղկապեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ էներգետիկ հարցի քննարկումը նախագծին Թուրքիայի մասնակցության հետ: 2009թ. հուլիսի 13-ին գազամուղի վերաբերյալ համաձայնագիր կնքվեց: Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան եւ Ռումինիան: Արարողությանը մասնակցեցին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, 20 երկրների նախարարներ, Եվրասիայում ԱՄՆ էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մոռնինգսթարը, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան, էներգետիկայի գծով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---