ՀՅԴ. «Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումը պետք է դառնա արձանագրությունների մի մասը»

PanARMENIAN.Net - Հայ Յեղափոխական դաշնակցությունը գտնում է, որ լավ կլիներ, եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ճանաչեր երկրի Սահմանադրությանը ոչ համապատասխան: Այնուամենայնիվ, ՍԴ որոշման հիմնավորումն արդեն բավական է, որ Հայաստանի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ քաղաքական հարցերով «Հայ դատի» Կենտրոնական գրասենյակի նախագահ Կիրո Մանոյանը :



Ինչպես հայտնեց Մանոյանը, ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն արդեն աշխատում է օրենսդրական փոփոխություններ կատարել, որպեսզի ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը մտցվի արձանագրությունների մեջ:



«Հայ դատի» գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ շուտով ՀՅԴ սկսելու է կատարել մի շարք գործողություններ, որի շրջանակներում ՀՀ ԱԺ պատգամավորներին էլեկտրոնային փոստով նամակներ են ուղարկելու` կոչ անելով քվեարկել արձանագրությունների դեմ:





Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը:



2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:



Հայ դատ ` հայերի քաղաքական բոլոր հիմնախնդիրների ամբողջությունն է, որ կապված է 19-րդ դարի կեսերին սկիզբ առած ազգային-ազատագրական շարժման հետ: Նրա հիմնական նպատակն է` անկախ հայկական պետության վերականգնումը պատմական Հայաստանի տարածքում եւ աշխարհի բոլոր հայերի մավորումը:



Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ հին քաղաքական կուսակցություններից մեկն է: Հիմնադրվել է 1890 թ. Թիֆլիսում: 1918-1920 թթ. «Դաշնակցությունը» Հայաստանի Առաջին Հանրապետությունում իշխող կուսակցություն էր: Խորհրդային կարգերը հաստատվելուց հետո կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում: 1988 թ. ՀՅԴ-ն վերադառնում է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայում կուսակցութան բազմաթիվ շրջանակները գործում են աշխարհի բոլոր հայ համայնքներում, հատկապես ուժեղ են Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ամերիկայի համայնքներում:



1994 թ. Հայաստանի նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրում դադարեցվում է, մի շարք անդամներ ձերբակալվում են: 1998 թ. այդ հրամանագիրը չեղյալ է հայտարարում Ռոբերտ Քոչարյանը: Այսօր այն հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն: Երեւանում կենտրոնացված է կուսակցության կենտրոնական բյուրոն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---