Սերգեյ Մինասյան. ԱՄՆ-ն կուժգնացնի Թուրքիայի հանդեպ գործադրվող ճնշումը, որպեսզի նա վավերացնի Արձանագրությունները

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենաակտիվ դերը ԱՄՆ-ինն է, սակայն Ռուսաստանը եւս դրական դերակատարություն ունի այս երկխոսության մեջ, ինչը չի խոչընդոտում բուն գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը:



«ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի այցն Երեւան միանշանակ կապված էր Երեւանի ու Անկարային միջեւ գործընթացի հետ: Ինչ վերաբերում է ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի այցին, ապա ինձ թվում է, որ այդ այցը կարելի է դիտարկել ԱՊՀ ձեւաչափում, սակայն բացառված չէ, որ Հայաստանում նրա հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ հայ-թուրքական կարգավորմանն առնչվող հարցեր»,-ասել է փորձագետը:



Ըստ նրա, Ջ.Սթեյնբերգի այցը կարեւոր նշանակություն ունի: Ինչպես ասել է Մինասյանը, դա վկայում է այն մասին, որ Կովկասում թիվ մեկ խնդիրն ԱՄՆ-ի համար հայ-թուրքական հարաբերություններն են: Այդ համատեքստում, քաղաքագետը կարեւորել է պաշտոնական Վաշինգտոնի վերջին հայտարարությունն, որով ԱՄՆ-ն հասկցնել տվեց Թուրքիային, որ իրենք հայ-թուրքական հաշտեցումը չեն շաղկապում ղարաբաղյան կարգավորման հետ:



Ելնելով դրանից, հայ փորձագետը կանխատեսում է Թուրքիայի հանդեպ ամերկիյան ճնշման ավելացում: «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի որոշումը Հայոց ցեղաասպանության մասին բանաձեւը մարտի 4-ին քվեարկության դնելու մաիսն լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Ամեն ինչ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն անցել է կոնկրետ քայլերի եւ հավանական է, որ ԱՄՆ-ն կուժգնացնի Թուրքիայի հանդեպ գործադրվող ճնշումը, որպեսզի նա վավերացնի Արձանագրությունները»,-ասել է Ս.Մինասյանը:



Նախօրեին Երեւանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջ.Սթեյնբերգը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:



Երեւանում է գտնվում նաեւ ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, որը կբանակցի ՀՀ ղեկավարության հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները, նա ՀՀ է ժամանել մեկօրյա աշխատանքային այցով որպես ԱՊՀ գծով ՌԴ ազգային համակարգող եւ ԱՊՀ-ում ՌԴ նախագահության մեկնարկի կապակցությամբ:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:



2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---