Հանս Յոհան Շմիդտ. Արձանագրությունների վավերացումը կարող է դրական կերպով անդրադառնալ Հարավային Կովկասի վրա

PanARMENIAN.Net -
Ես հույս ունեմ, որ մոտակա ժամանակ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Ընդ որում դեսպանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շատ բան կախված է Թուրքիայից, եւ նրա հարաբերությունները կարգավորելու նրա ցանկությունից:



Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունը այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները պատշաճ կերպով չեն աշխատում ղարաբաղյան խնդրի լուծման հարցի շուրջ, Շմիդտը ասել է, որ իր կարծիքով ԵԱՀԿ ՄԽ-ն ակտիվ է աշխատում այդ ուղղությամբ:



Նա նաեւ ավելացրել է, որ Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից հետո ղարաբաղյան հարցում նշմարվում է դրական դինամիկա:



Անդրադառնալով փորձագետների կարծիքին այն մասին, որ Թուրքիային այնուամենայնիվ հաջողվեց շաղկապել ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ, դեսպանն ասաց, որ «դա առանձին գործընթացներ են, սակայն Արձանագրությունների վավերացումը կարող է դրական կերպով անդրադառնալ Հարավային Կովկասի վրա»:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:



Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):



Երբ Թուրքիայի վարչապետը հայտարարություններ էր կատարում Սաուդյան Արաբիայում, Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյան ու Ահմետ Դավութօղլուի միջեւ հեռախոսազրույց կայացավ: Ինչպես հաղորդեց Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը, ՀՀ ԱԳ նախարարը զանգահարեց իր թուրք պաշտոնակցին եւ անհանգստություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության առիթով:



Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ «Հայաստանի ՍԴ որոշման մեջ անընդունելի նախապայմաններ կան»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---