Արձանագրությունների ստորագրումը մեկ բան է, երկու ժողովրդների հաշտեցումը` տեւական եւ բարդ գործընթաց է

PanARMENIAN.Net -
Արձանագրությունների ստորագրումը մեկ բան է, երկու ժողովրդների հաշտեցումը` տեւական եւ բարդ գործընթաց է: Այդ մասին Երեւանում հայտարարել է 2001-2004 թթ. գործող TARC թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի նախագահ, ամերիկացի փորձագետ Դեւիդ Ֆիլիպսը, որը Հայաստանում էր գտնվում «Խոսելով անցյալի մասին» իր գրքի շնորհանդեսի կապակցութկամբ:



Իր գիրքը ներկայացնելով հայ ընթերցողին` հանձնաժողովի նախագահը պատմել է TARC-ի ստեղծման պատմության եւ գործունեության մասին: «2001թ., երբ սկսվեց հաշտեցման գործընթացը, ես չէի պատկերացնում, թե թուրքերը որքան չեն ցանկանում շփման գնալ հայերի հետ: Այն ժամանակ թուրքերի համար ցանկացած խոսակցություն հայերի կամ Հայկական հարցի մասին որոշակի ծածկագիր էր, որ նշանակում էր միայն մեկ բան` Հայոց ցեղասպանություն: Սակայն այնուհետեւ, երբ հանձնաժողովը սկսեց գործել, կարողացավ կոտրել այդ սառույցն ու վերացնել առկա տաբուները»,-ասել է Դեւիդ Ֆիլիպսը: Ըստ նրա, TARC-ը նպաստեց նրան, որ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ շփումներ սկսվեն:



Փորձագետը հայտարարել է նաեւ, որ հանդիպումների եւ քննարկումների ընթացքում, որ եղան հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում, քիչ չէին տարաձայնություններն ու վեճերը Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ: Ինչպես հիշում է փորձագետը, հանձնաժողովի մասնակիցները բազմիցս են սպառնացել հրաժարվել հանձնաժողովի աշխատանքներից: «Թուրքիերից շատերը մտավախություն ունեին եւ ունեն, որ Հայոց ցեղասպանության հարցով միջազգային հանրությունը փորձում է վախեցնել Թուրքիային: Դա կարելի է Սեւրի սինդրոմ անվանել»,-ասել է Դեւիդ Ֆիլիպսը:



Ըստ նրա, TARC-ն, որ ի սկզբանե պետք է ընդամենը մեկ տարի գործեր, աշխատեց երեք տարի: «Հանձնաժողովը կոչ էր անում Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին բացել սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Անդրադառնալով անցյալին` ես կարող եմ ասել, որ հանձնաժողովն առաջ անցավ իր ժամանակից: Արձանագրությունների ստորագրումը կատարվեց մեր հանձնաժողովի աշխատանքի օրինակով»,-ասել է թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի նախագահը:



Դեւիդ Ֆիլիպս 2001-2004 թթ. Թուրքիայում եւ Կովկասում ղեկավարել է քաղաքացիական դիվանագիտության ծրագիրը: TARC թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի նախագահն է:



Հաշտեցման հանձնաժողովը գործել է 2001 թ-ի հուլիսից մինչեւ 2004 թ-ի ապրիլը: Հանձնաժողովի աշխատանքը ձախողվել է այն պատճառով, որ Թուրքիան չի ցանկացել ընդունել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում էր միջամտել ղարաբաղյան հակամարտությանը:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:



Սեւրի խաղաղ պայմանագիրը Վերսալ-Վաշինգտոն համակարգի պայմանագրերից մեկն է, որի ստեղծումը նշանավորեց Առաջին աշխարհամարտի ավարտը: Այն ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սեւր քաղաքում Անտանտի դաշինքի եւ նրան միացած երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբերի, խորվաթների ու սլովենների թագավորություն, Հիջազի, Չեխոսլովակիա եւ Հայաստան) մի կողմից, եւ Օսմանյան կայսրության միջեւ մյուս կողմից: Պայմանագրի ստորագրման ժամանակ Թուրքիայի տարածքի մեծ մասն արդեն զավթել էին: Սեւրի պայմանագրի հիմքում Սայքս-Պիկոյի (1916թ.) անգլա-ֆրանսիական համաձայնագրի պայմաններն էին եւ Սան Ռեմոյում տերությունների կոնֆերանսի որոշումները: Ըստ Սեւրի պայմանագրի, Թուրքիան ճանաչում էր Հայաստանն որպես «ազատ եւ անկախ պետություն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնվում էին ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշմանը սահմանների հարցում` Վան, Բիթլիս, Էրզրում եւ Տրաբզոնի վիլայեթներում, եւ ընդունել Հայաստանի ելքը դեպի Սեւ ծով ապահովելոի պայմանները (Բաթումով): Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է հաստատեին սահմանները ուղղակի բանակցությունների միջոցով այդ պետությունների միջեւ, իսկ համաձայնության հասնելու անկարողության դեպքում` դաշնային տերությունների միջնորդության միջոցով: Սեւրի պայմանագիրը, որն այդպես էլ ուժի մեջ չմտավ, դե-յուրե լիովին դադարեց գործել 1923թ. Լոզանի կոնֆերանսում նրա պայմանների վերանայման արդյունքում, երբ կնքվեց Լոզանի խաղաղ պայմանագիրը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---