Թուրքիայի ԱԳՆ. «Հայկական նախաձեռնության» հարցում խնդիրներ չկան

PanARMENIAN.Net -
Թուրքիայի ԱԳՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ չի տեսնում ոչ մի խնդիր Անկարայի «հայկական նախաձեռնության» հարցում: Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը ասել է լրագրողներին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բարդացել է ՀՀ ՍԴ-ի Արձանագրությունների վերաբերյալ որոշումից հետո:



«Թուրքիան չի փոխել իր կարծիքը եւ հավատարիմ է իր դիրքորոշմանը», - ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրօղլուի առաջիկա այցը Բեռն եւ ԱՄՆ-ը, Բուրակ Օզուգերգինը նշել է, որ թուրք դիվանագետը կներկայացնի Անկարայի մտավախությունները Հայաստանի հետ գործընթացների վերաբերյալ:



Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` նա նշել է, որ վերջերս այդ գործընթացում առաջխաղացում է նկատվում: «Հույս կա, որ կողմերը հստակ քայլեր կձեռնարկեն այդ խնդրի լուծման համար», - ասել է Օզուգերգինը, եւ ավելացրել, որ դա կախված է շահագրգիռ կողմերի քաղաքական խիզախությունից եւ կամքից, Թուրքիան կհետեւի այդ գործընթացին, հաղորդում է Anatolian News agency-ն:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---