Աբդուլլահ Գյուլ. Ես անձամբ կզբաղվեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով

PanARMENIAN.Net -
«Մենք կշարունակենք երկու երկրների միջեւ փոխըմբռնման հիման վրա աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացին»,- այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահի` Սերժ Սարգսյանին հղված նամակում: Թուրքիայի նախագահը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված` երկրների երկկողմ ջանքերը գրավել են ողջ աշխարհի ուշադրությունը եւ տարածաշրջանում, որտեղ շատ հակամարտություններ կան, խաղաղության հույս են արթնացրել: «Անհրաժեշտ է հաղթահարել մեր ժողովուրդների միջեւ վաղուց արդեն գոյություն ունեցող նախապաշարմունքը եւ վերականգնել փոխըմբռնումն ու վստահությունը»,- նշեց Գյուլը: Դրա հետ մեկտեղ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը չպետք է կասկածի հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Թուրքիայի վճռականության հարցում, քանի որ «կա նաեւ հարաբերությունների կարգավորմանը ձգտելու փոխադարձ համաձայնությունը»:



«Ես համաձայն եմ նաեւ Ձեր պնդման հետ այն մասին, որ պատասխանատու ղեկավարությունը պետք է պահի իր խոստումն ու նպաստի դրա իրագործմանը: Ուստի, մենք կշարունակենք առաջ տանել համաձայնությունը, որին հասել ենք մեր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք պետք է հասկանանք, որ այդ պատմական գործընթացի արդյունքները կախված են պարտավորությունների փոխադարձ կատարումից եւ քաղաքական համարձակությունից»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով, Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ նպատակը պետք է լինի տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների համար երկարաժամկետ խաղաղության, անվտանգության եւ համագործակցության ապահովումը:



«Ես անձամբ կշարունակեմ զբաղվել այդ գործընթացով` հույս ունենալով, որ այն մեր ժողովուրդների համար համոզիչ արդյունքների կհասնի»,- ընդգծել է Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է Anatolian news agency-ն:



Փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին, որում, մասնավորապես ասվում է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, եւ դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---