Մայքլ Քեմբեկ. «Երեւանի եւ Անկարայի համար վճռական պահ է սկսվել»

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական մոտ հարյուրամյա հակամարտությունից հետո եկել է մի վճռական մի պահ, որը խորապես ներազդելու է Հարավային Կովկասում դիվանագիտական եւ ռազմավարական հավասարակշռության վրա: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է «Հայաստանի եվրոպացի բարեկամները» (EuFoA) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեկը: «Եթե այս գործընթացը հաջողվի, ապա այն կլինի հօգուտ այն ուժերի, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայունության եւ բարեկեցության հաստատմամբ: Դա վերաբերում է, առաջին հերթին, Հայաստանին եւ Թուրքիային, այնուհետեւ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, ԵՄ-ին, նույնիսկ Վրաստանին եւ Ադրբեջանին», - ասել է գլխավոր քարտուղարը:



Նա հայտնել է, որ շատ մեծ է այն հնարավորությունը կորցնելու վտանգը, որը թույլ կտար «բացել այն պատուհանը, որը երկար ժամանակ փակ է եղել», եւ եթե հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը հաջողությամբ չպսակվի, ապա ժամանակ կպահանջվի, որպեսզի Հայաստանում եւ Թուրքիայում առաջնորդների նոր սերունդ ի հայտ գա, ում համար եւս այս հարցը զգայուն թեմա կլինի: Մ. Քեմբեկի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների ապագան երկու երկրների հասարակությունների ձեռքում է: «Հայաստանը վճռական է հայ-թուրքական սահմանի բացման հարցում, եւ այդ տարածաշրջանն այնպիսի առաջնորդների կարիք ունի, ովքեր հասարակության մասին են մտածում: Այդ պատճառով էլ «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը բոլոր կողմերին, այդ թվում նաեւ Ադրբեջանին, կոչ է անում նպաստել հայ-թուրքական գործընթացին», - ասել է Մայքլ Քեմբեկը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---