Լիոնում ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված ցույց է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - 2010թ. մարտի 3-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի բնակիչ տասնյակ հայեր ցույց էին կազմակերպել «Եվրանյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ: Ցույցի նպատակը վրացական իշխանությունների կողմից երկրի հայ փոքրամասնության եւ, մասնավորապես, ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դեմ բողոքն արտահայտելն էր:

Հ.Յ. Դաշնակցության Ֆրանսիայի Ռոն-Ալպ նահանգի կոմիտեի ներկայացուցիչ ու Վիլլերբան քաղաքի քաղաքապետի խորհրդական Մովսես Նիսանյանը եւ այլ ելույթ ունեցողները դատապարտել են ջավախքահայության տարրական իրավունքների ոտնահարման քաղաքականությունն ու Եվրամիությունից պահանջել քայլեր ձեռնարկել Վրաստանի հայ փոքրամասնության առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու, մասնավորապես` ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի արդար դատավարության իրավունքը ապահովելու ուղղությամբ:

Ցույցի ավարտին ցուցարարներից կազմված պատվիրակությունը հանդիպել է «Եվրանյուզ» հեռուստաընկերության համապատասխան պաշտոնատար անձանց հետ` փոխանցելով նրանց ցույցի նպատակի եւ պահանջների բնույթի վերաբերյալ մամուլի համար կազմված հաղորդագրությունը:

Ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների Լիոնի հայության գործողությունները կրելու են հաջորդական բնույթ: Մասնավորապես, ապրիլի 3-ին նախատեսվում է անցկացնել նոր ցույց` ֆրանսիական «FRANCE 3» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ:

Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---