Ադրբեջանական դիվերսիոն խումբ է վնասազերծվել

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին, ժամը 01:30-ի սահմաններում Տավուշի մարզի Կոթի գյուղի տարածքում ՀՀ զինծառայողների կողմից բացահայտվել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած, քաղաքացիական հագուստով եւ դիվերսիոն խմբին հատուկ սպառազինությամբ հանդերձավորված 5 հոգուց բաղկացած խումբ: Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Գնահատելով իրավիճակը` մեր զինծառայողները նախազգուշական կրակ են բացել: Սկսվել է փոխհրաձգություն, ինչի հետեւանքով հակառակորդի դիվերսիոն խմբի անդամներից մեկը վիրավորվել է եւ գերեվարվել: Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Երկրորդ վիրավորված զինյալը եւ խմբի մնացած անդամները մթության պայմաններում կարողացել են փախչել Ադրբեջան: Իրականացված միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հաստատում են, որ ադրբեջանական կողմը պատրաստվում էր Հայաստանի տարածք ուղարկել եւս մի քանի հետախուզական խմբեր: Դրանց հնարավոր գործունեությունը խափանելու նպատակով ՀՀ ԶՈՒ հատուկ ստորաբաժանումների կողմից կազմակերպվել էր սահմանի տվյալ հատվածի պահպանության լրացուցիչ միջոցառումներ:

Նույն օրը ավելի ուշ, ժամը 21-ի սահմաններում, Կոթի գյուղի մոտակայքում նկատվում է Ադրբեջանից ներթափանցած օպտիկական նշանառության սարքերով, ինքնաձիգներով զինված եւ սեւ գույնի քողարկիչ համազգեստով հանդերձավորված 3 հոգուց բաղկացած եւս մեկ խումբ, որը շարժվում է դեպի մոտակա անտառը: Դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ խումբը գործել է թիկունքից ապահովող մեկ այլ խմբի կրակային աջակցությամբ: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինյալները, կորուստներ կրելով, նահանջել են` չեզոք գոտում թողնելով երկու դիակ: Սպանված ադրբեջանցիներից մեկի դիակը մարտի 5-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում չեզոք գոտուց տեղափոխվել է ՀՀ տարածք:

Ընդհանուր առմամբ, մարտի 3-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում սպանվել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած 3 զինյալ, որոնցից 2-ի դիակները գտնվում են Հայաստանում: Վիրավորվել է մեկ անձ` Իբրահիմ անունով, ում հաջողվել է հասնել Ադրբեջանի տարածք: Օպերատիվ ճանապարհով ճշտվել են նաեւ ադրբեջանական զինյալներից եւս մի քանիսի անունները` Վելիեւ Վալի, Նամազով Սագիֆ` Կյոսալար գյուղից, ոմն Նիզամի եւ Խագանի: Հայկական կողմում գտնվող 2 դիակներից մեկի` Հասանի բջջային հեռախոսի մեջ կան տարբեր տեսագրություններ` նահատակ-շահիդի թաղման արարողության, Ղազախի ներքին զորքերի ստորաբաժանումների հատուկ պատրաստության եւ ազանների` կրոնական արարողության վերաբերյալ: Հասանի բջջային հեռախոսում կային նաեւ լուսանկարներ, որոնք, ըստ երեւույթին, նրա հարազատներն են:

Չի բացառվում, որ սպանված սահմանախախտները վահաբականության` ծայրահեղ արմատական իսլամիստական կազմակերպության ներկայացուցիչներ էին: Նրանց մոտ հայտնաբերված անձնական իրերն ու մարմնի տարբեր մասերում առկա դաջվածքները հիմք են տալիս ենթադրելու, որ նրանք առնչություն են ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ եւ անցել են հատուկ պատրաստություն, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---