Քերոլայն Քոկս. Բրիտանական կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Բրիտանական կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոկսը Մեծ Բրիտանիայի կառավարությանը հղած նամակում: «Դուք պետք է վերանայեք ժխտման քաղաքականությունը եւ ընդունեք ճշմարտությունը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ճիշտ է, ես առանձնակի հույսեր չեմ տածում, թե բրիտանական կառավարությունը կփոխի ժխտողական իր հետեւողական քաղաքականությունը»,-նշել է Ք.Քոկսը:

Ըստ նրա, այդ խնդիրն ակտուալ է երեք հիմնական պատճառով` առաջին հերթին, պետք է վարվել այնպես, ինչպես աշխարհի շատ խորհրդարաններ, եւ վերջերս Շվեդիայի խորհրդարանը` 1,5 մլն հայերի ոչնչացումը ցեղասպանություն ճանաչել: Երկրորդը, անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակվեց «Եղե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանություն» հոդվածը, որտեղ թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, հղում անելով ԱԳ պաշտոնական փաստաթղթերին, ցույց է տալիս, թե ինչպես են մոլորության մեջ հայտնվել բրիտանական կառավարությունը, խորհրդարանն ու հասարակությունը: Եվ, վերջապես, երրորդը, այս տարի լրանում է օսմանցի թուրքերի գործած ոճրագործության 95-ամյակը, եւ վաղուց արդեն ժամանակն է ճանաչել այդ փաստը: «Ցանկացած չճանաչված ցեղասպանություն, ըստ էության, կարող է ազդակ հանդիսանալ պոտենցիալ հանցագործների համար հետագայում եւս ցեղասպանություններ գործելու համար»,-գրում է բարոնուհի Քոկսը` հիշեցնելով Հիտլերի հայտնի խոսքերը Հոլոքոսթից առաջ. «Ո՞վ է այս ամենից հետո հիշում հայերի ոչնչացման մասին»: Ամեն անգամ, երբ եւս մեկ երկիր պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թուրքական կառավարությունը սկսում է վրդովվել եւ անում է ամեն ինչ կանխելու համար նման նախաձեռնությունները, ընդհուպ մինչեւ տնտեսական բոյկոտ: Ճշմարտության ժխտումը հարվածի տակ է դնում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Թուրք ժողովուրդը ինքը եւս շատ է ցանկանում ճշմարտությունն իմանալ իր պատմության մասին: Երբ ես Թուրքիայում էի եւ այնտեղ զրուցում էի իմ թուրք գործընկերների, պրոֆեսորների հետ, շատերն ասում էին, որ շատ են ցանկանում, որպեսզի իրենց երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նրանք գիտեին ճշմարտությունը եւ խորը ցավ էին ապրում, քանի որ ստիպված էին թաքցնել ճշմարտությունն ու ապրել կեղծիքի մեջ»,-գրում է բարոնուհի Քերոլայն Քոկսը:

Նամակի վերջում բարոնուհին ընդգծում է, որ ցեղասպանությունը որպես հանցագործություն չունի վաղեմության ժամկետ: «Սակայն ես մեծ մտավախություններ ունեմ, որ բրիտանական կառավարությունը կրկին չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ արդյունքում Մեծ Բրիտանիան հավերժ կմնա որպես պատվազուրկ երկիր: Սակայն, ի վերջո, հնարավորություն կա, որ խորհրդարանը եւս մեկ անգամ արծարծի այդ հարցը եւ ճանաչի պատմական ճշմարտությունը, ինչպես դա արեց Շոտլանդիայի խորհրդարանը»,-ասվում է բարոնուհի Քոկսի նամակում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---