Ռուբեն Սաֆրաստյան. Վաղ, թե ուշ նոր հայ-թուրքական գործընթաց կսկսվի

Ռուբեն Սաֆրաստյան. Վաղ, թե ուշ նոր հայ-թուրքական գործընթաց կսկսվի

PanARMENIAN.Net - Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան չի ձգտում վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան իր դիվանագիտական քայլերով հայ-թուրքական գործընթացը փակուղի է մղել: «Եթե այդ գործընթացը տրամաբանական ավարտ չունենա, ապա վաղ, թե ուշ նոր հայ-թուրքական գործընթաց կսկսվի»,- ասաց Սաֆրաստյանը: Ընդ որում, նա ասաց, որ եթե գործընթացն իր շարունակությունը ստանա, ապա կողմերը եւս մեկ քայլով առաջ կգնան: «Թե արդյոք հայ-թուրքական գործընթացը դուրս կգա փակուղուց, Թուրքիայից է կախված»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` ավելացնելով, որ գործընթացը փակուղուց դուրս բերելու համար Անկարան պետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք ցույց կտան, որ ինքը շահագրգռված է, որպեսզի տվյալ գործընթացը շարունակություն ունենա:

Հայ փորձագետը նշեց նաեւ, որ Հայաստանը չպետք է առաջինը վավերացնի Արձանագրությունները, այլ պետք է սպասի Թուրքիայի գործողություններին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---