Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայի հանդեպ պահանջների հարցում Հայաստանը պետք է օգտագործի Ցեղասպանության գործոնը

Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայի հանդեպ պահանջների հարցում Հայաստանը պետք է օգտագործի Ցեղասպանության գործոնը PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Սփյուռքը դեռ շատ անելիք ունեն մեր պահանջների ձեւավորման հարցում` ինչպես քաղաքական, այնպես էլ գիտական տեսակետից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի հայտարարությունները Տեր-Զօրում, որտեղ նա բարձրացրեց Թուրքիայի հանդեպ պահանջների հարցը:



«Մենք պետք է պատրաստ լինենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական հարթությունից միջազգային-իրավական հարթություն տեղափոխել»,- ասաց Սաֆրաստյանը` ավելացնելով, որ Հայաստանը պետք է այնպես ձեւակերպի իր պահանջները, որպեսզի դրանք բխեն ժամանակակից միջազգային իրավական նորմերից: Նրա խոսքով, հայ ժողովուրդը պետք է հասկանա, թե ներկա պահին իր համար ինչ են նշանակում այդ պահանջները: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ եւ ինչ տեսքով ենք մենք ուզում»,- նշեց հայ փորձագետը: Ընդ որում, նա նկատեց, որ այդ հարցը համահայկական է եւ կարող է լուծվել ազգի մտավոր, հոգեւոր, քաղաքական ու հասարակական ուժերի միավորման դեպքում:



«Ես կարծում եմ, որ ներկա փուլում մենք պետք է օգտագործենք Ցեղասպանության գործոնը, քանի որ միջազգային հանրությունն աստիճանաբար գիտակցում է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործությունն է»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:



Անդրադառնալով պատմական հայկական տարածքները պահանջելու հարցին` Սաֆրաստյանն ասաց, որ այդ հարցը նույնպես օրակարգում է մնում: «Այս փուլում ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք բարձրացնելու այդ հարցը: Բայց մենք պետք է պատրաստվենք այն բանին, որ Թուրքիայի հանդեպ պահանջների հարցում կարող է վրա հասնել նաեւ երկրորդ փուլը»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:



Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---