Հայաստանի նախագահը ծաղկեպսակ կդնի Վուդրո Վիլսոնի շիրիմին

Հայաստանի նախագահը ծաղկեպսակ կդնի Վուդրո Վիլսոնի շիրիմին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում, ապրիլի 12-ին կայցելի Վաշինգտոնի մայր տաճար և ծաղկեպսակ կդնի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Արարողությանը և Հայաստանի նախագահի հետ հետագա հանդիպմանը Վաշինգտոնում կմասնակցեն ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները: Նախագահը հանդես կգա ուղերձով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ և կմեծարի նրանց, ովքեր վերապրել են ցեղասպանությունը և ներկա կգտնվեն արարողությանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Վուդրո Վիլսոնը

Վուդրո Վիլսոնը ԱՄՆ 28-րդ նախագահն է: Նրա նախագահության երկրորդ ժամկետը (1916) նշանավորվեց ԱՄՆ-ի մասնակցությամբ Առաջին համաշխարհային պատերազմին և ակտիվ դիվանագիտական ջանքերով, ուղղված հետպատերազմյա խաղաղ կարգավորմանը (“Վուդրո Վիլսոնի 14 կետերը”): 1919թ. նա դարձավ Նոբելյան մրցանակի դափնեկիր: Վիլսոնն ԱՄՆ առաջին նախագահն էր, ով պաշտոնական այցով եղավ Եվրոպայում, մասնակցեց Փարիզյան խաղաղ կոնֆերանսին: Վիլսոնի առաջարկները հիմք ծառայեցին Վերսալի պայմանագրի համար: Վիլսոնն Ազգերի լիգայի ստեղծման նախաձեռնողներից մեկն էր, սակայն ԱՄՆ Սենատը մերժեց այդ կազմակերպությանն անդամակացելու վերաբերյալ առաջարկը:

1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց այսպես կոչված արբիտրաժային որոշումը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ: Բացի այդ, ըստ Սևրի պայմանագրի, Օսմանյան կայսրությունը բաժանվում էր ենթամանդատային տարածքների: Պաղեստինն ու Հյուսիսային Իրաքը Քիրկուկի ու Մոսուլի հետ անցնում էր Մեծ Բրիտանիայի վերահսկողությանը, Կիլիկիան` Ֆրանսիայի: Արևմտյան Հայաստանի մանդատն առաջարկվեց ԱՄՆ-ին, սակայն Կոնգրեսը չհաստատեց այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---