Մանուկ Բալյան. Մենք ցանկանում ենք, որ պատմական արդարությունը հաղթի

Մանուկ Բալյան. Մենք ցանկանում ենք, որ պատմական արդարությունը հաղթի

PanARMENIAN.Net - “Ես նախկինում ևս այցելել եմ Հայաստան, սակայն սա առաջին անգամն է, երբ ես ապրիլի 24-ին եմ հայրենիքում”,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հոկեյի թիմի անդամ Մանուկ Բալյանը: Ընդ որում, նա նշել է, որ իր նախնիները ևս Արևմտյան Հայաստանից են: Ըստ նրա, ապրիլի 24-ին ամերիկյան ժամանակով 17:00-ին Լոս Անջելեսում կսկսվի Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված բողոքի ցույցը: “Քաղաքում արդեն կանգնեցված է տրանսպորտի երթևեկությունը, որպեսզի մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել”,-ասել է Բալյանը` հավելելով, որ ցույցին կմիանան նաև ամերիկացի երիտասարդները:

Անդրադառնալով Լոս Անջելեսում բնակվող թուրքերի արձագանքին` Բալյանը նշել է, որ դժվարանում է պատասխանել այս հարցին, քանի որ Լոս Անջելեսում թուրքերը շատ քիչ են: Նա հավելել է նաև, որ մրցաշարերից մեկում մի թուրք իրեն ասել է, որ “դպրոցում հայերին սովորեցնում են ատել թուրքերին”: “Իրականում դա այդպես չէ, մենք ցանկանում ենք, որ պատմական արդարությունը հաղթի”,-ասել էԲալյանը:

Իր հերթին, բժիշկ Միհրան Բալայանը, որը Հայաստան է ժամանել Բոստոնից, նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և չէր կարող չգալ Ծիծեռնակաբերդ` հարգելու զոհերի հիշատակը:

“Իմ նախնիները Արևմտյան Հայաստանից են, Մարաշից”,-ասել է Բալայանը: Նա նաև նշել է, որ Բոստոնում ևս այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցնում: “Հայերի հետ ակցիային կմասնակցեն տարբեր ազգությունների երիտասարդներ` ամերիկացիներ, հնդկացիներ: Մենք ձգտում ենք իրազեկել նրանց պատմության մասին, 1915թ. իրադարձությունների մասին”,-ասել է Բալայանը: Նա նաև հաղորդել է, որ մտադիր է դասախոսությամբ հանդես գալ Երևանի բժշկական համալսարանում և ծանոթանալ Հայաստանի կլինիկաների գործունեությանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---