Ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիա

Ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիա

PanARMENIAN.Net - Ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիա: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակիցն արդեն հաղորդել է Բրյուսելից, այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ ունեցավ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահը նշեց, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս երկրի մասնակցությանը Ալյանսի խաղաղապահական առաքելություններին, ինչի մասին վկայում է հայ զինշառայողների մասնակցությունը Ալյանսի խաղաղապահական օպերացիաներին:

ՀՀ նախագահը նշեց նաև, որ անգամ Արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցումը չկանգնեցրեց Թուրքիային, որը շատ լավ հասկանալով, որ հայկական կողմը նրան երբեք թույլ չի տա միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, փորձում է մանիպուլյացիաների միջոցով հայ-թուրքական գործընթացը վերջնական ձախողման հասցնել:

Ֆոգ Ռասմուսենն իր հերթին հերթական անգամ ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն դեր չի խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, տվյալ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի հետ: « Ես ասել եմ պրն նախագահին, որ Եվրահանձաժողովը պատրաստ է բանակցությունները սկսել առաջիկա հուլիսին: Դրանց կարևոր մասը լինելու են Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ազատ առևտրի մասին բանակցությունները: Ես համոզված եմ, որ Հայաստանը կամրապնդի իր ջանքերն այդ ոլորտում` ներդրումային մթնոլորտը բարելավելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Կողմերը բանակցություններ են վարել մուտքի արտոնագիրի հանձնման գործընթացի պարզեցման շուրջ»,- ասել է Բարրոզուն:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա Բարրոզուն հույս է հայտնել, որ այդ հարցում ևս առաջընթաց կլինի: «Ես հավաստիացրել եմ պրն Սարգսյանին, որ ԵՄ-ն պատրաստ է պաշտպանել հակամարտության լուծման ջանքերը մարդկանց միջև վստահություն և կապեր հաստատելու մասին ԵՄ ծրագրի միջոցով»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Ղարաբաղի ժողովուրդը կարողացել է ստեղծել ժողովրդավարական պետություն, որը կարող է նորմալ հարաբերություններ ունենալ հարևանների հետ: «Մենք ճիշտ չենք համարում նաև երրորդ կողմի ներգրավումը հակամարտության լուծման մեջ: Թուրքիան ոչ միայն չի օգնում Ադրբեջանին, այլ նաև օրեցօր նվազեցնում է իր կառուցողական դերը տարածաշրջանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Եվրոպական hանձնաժողովի տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանին տրամադրվող Եվրամիության մակրոֆինանսական օժանդակությանը, Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Բրյուսել կատարած այցի վերջին օրը կայացավ Հայաստանի նախագահի հանդիպումը Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ: «Մենք անհամբեր սպասում ենք մոտ ժամանակներս բանակցությունների մեկնարկին, այդ թվում` ազատ առևտրի գծով: Դա կնպաստի ԵՄ ներդրումներին Հայաստանում, և հայկական բիզնեսին ավելի լայն մուտք կապահովի դեպի ԵՄ ներքին շուկաները»,- նշել է վան Ռոմպեյը:

Նույն օրը Հայաստանի նախագահը հանդիպեց նաև Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի բարձրագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ:

Նախագահն այցելեց նաև Բրյուսելի Արևելքի և Արևմուտքի մշակույթների ու երկխոսության «Վիլա Ամպեն» կենտրոն: Սերժ Սարգսյանի ելույթում, մասնավորապես, նշվում էր, որ ներկայումս կրկին հայատյացության ալիք է բարձրանում: «Մենք լսում ենք, թե ինչպես է մեր հարևան երկրներից մեկի ղեկավարը խոսում այն մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր են: Ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ-ին: Բայց ես նաև չեմ կարող անտեսել այն, ինչ տեղի ունեցավ Ռուանդայում, ուր նմանատիպ ելույթները սփռվում էին ռադիոյով և հեռուստատեսությամբ, որպեսզի խաթարեն բռնությանը պատրաստ անդորրը: Երբ այսօր մեր հարևան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատելության և պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը. Ադրբեջանում, ինչպես և Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երևույթ, որից պետք է ազատվել ջարդերի և կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի և նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել: Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետական քաղաքականություն: Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսևորումներից է: Մարդասիրությունը դիմակայեց ճակատամարտը, սակայն մարդատյացության դեմ պատերազմը շարունակվում է: Մարդատյացությունը տանուլ տվեց ճակատամարտը, բայց ավաղ ոչ պատերազմը: Այդ իսկ պատճառով մեր նպատակը մշակույթների ու քաղաքակրթությունների միջև երկխոսությունը և փոխադարձ հարստացումն է»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---