Հարավային Կովկասում ոչ մի երկիր չի կարող պատերազմ սկսելու մասին որոշում կայացնել առանց հաշվի առնելու նավթային ԱԱԸ շահերը

PanARMENIAN.Net - Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի փորձագետներն ու լրագրողները «Էներգետիկ անվտանգության վիճակը Հարավային Կովկասում» խորագրով խորհրդաժողովում քննարկեցին էներգետիկ անվտանգության հարցերը: Ինչպես նշեց Ադրբեջանի Դիվանագիտական Ակադեմիայի փորձագետ Էլնուր Սոլտանովը, այն ենթադրությունը, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը զսպող գործոն է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հարցում, միանշանակ չէ:

«Ադրբեջանը կարող է ֆինանսական կորուստներ կրել պատերազմի սկսվելու դեպքում, սակայն կարճատև` 2 շաբաթ տևողությամբ պատերազմի դեպքում շատ բան չի կորցնի: Երկրի պահեստը կազմում է $20 մլրդ, իսկ բյուջեն` $10 մլրդ, մենք կարող ենք 10 օրում վերադարձնել կորուստները: Այսօր Ադրբեջանն ավելի հզոր պետություն է, քան նախկինում: Եթե 1999 թվականին British Petroleum (BP) ընկերությունը կարող էր որոշել, թե որ նախագծի մեջ ներդրում կատարել, իսկ որի մեջ` ոչ, ապա այսօր զգալիորեն աճել են պետության ներդրումները, ինչը թույլ է տալիս ավելի քիչ կախվածություն ունենալ ընկերություններից: Չեմ կարծում, որ BP-ն կարող է ազդել պատերազմ սկսելու որոշման վրա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Էլնուր Սոլտանովը:

Այդ միջոցին, ինչպես գտնում է «Նորավանք» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Սևակ Սարուխանյանը, ազդեցիկ միջազգային նավթային անդրազգային ընկերությունները, որոնք բազմամիլիարդանոց ներդրումներ են կատարել Հարավային Կովկասի էներգետիկ ճյուղի մեջ, տարածաշրջանում ոչ թե պարզապես տնտեսական , այլև քաղաքական գործողներ են:

«Չգիտես ինչու շատերը կարծում են, թե «Գազպրոմը» ներկայացնում է Ռուսաստանի շահերը ը ամրապնդում վերջինիս դիրքերը տարածաշրջանում, իսկ British Petroleum-ն ու «Շևրոն Տեքսակոն» այստեղ զբաղվում են բացառապես էներգետիկ հարցերով: Տարածաշրջանում կատարված հսկայական ներդրումներ հնարավոր են դարձել քաղաքական գործոնների ու այն կայունության երաշխիքների շնորհիվ, որոնք նավթային ընկերությունները ստացել են ԱՄՆ-ից և այլ արևմտյան երկրներից»,- ասել է Սևակ Սարուխանյանը: Փորձագետի կարծիքով, տարածաշրջանում ոչ մի երկիր չի կարող պատերազմ սկսելու մասին որոշում կայացնել առանց հաշվի առնելու ինչպես նավթային ԱԱԸ, այնպես էլ նրանց մեջքին կանգնած պետությունների շահերը: «Այլ հարց է, թե որքանով են պատերազմ սկսելու պատրաստակամության մասին հայտարարություններն արտացոլում այն սկսելու իրական պատրաստակամությունը, իսկ դրա ելքի հարցում վստահությունը` դրա դրական ելքի վերաբերյալ վստահությունը: Իրականում դա շատ ավելի կարևոր է, քան ներդրումները»,- ամփոփել է Սևակ Սարուխանյանը:

«Էներգետիկան, ունենալով տնտեսական ուժ, կարող է լուծել երկրների միջև դիմակայությունը: Երբ գործը հասնում է ռազմական գործողություններին, էներգետիկայում առկա շահերն օգնում են գոնե պահպանել ենթակառույցը: Օրինակ, օգոստոսյան պատերազմում Ռուսաստանը չէր ռմբակոծում ենթակառույցը: Այդ միջոցին, ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում Ռուսաստանը տիրում է ռազմավարական օբյեկտների մեծամասնությանը, և այստեղ ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահն է»,- PanARMENIAN.Net ին ասել է World Experience for Georgia կազմակերպության փորձագետ Մուրման Մարգելաշվիլին:

«Էներգետիկ անվտանգության վիճակը Հարավային Կովկասում» խորհրդաժողովը կազմակերպվել է Հասարակական գործերի վրացական ինստիտուտի (GIPA) և Նորվեգական Ատլանտյան կոմիտեի (DNAK) կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---