Մարկուս Բերնաթ. Ավստրո-ադրբեջանական համագործակցությունը պատճառաբանված է բացառապես նավթա-գազային գործոնով

Մարկուս Բերնաթ. Ավստրո-ադրբեջանական համագործակցությունը պատճառաբանված է բացառապես նավթա-գազային գործոնով

PanARMENIAN.Net - Ավստրիայի առաջատար լրատվամիջոցը` Der Standart-ն իր հրապարակման մեջ արտահայտել է ավստրիական հասարակության դժգոհությունը` կապված հունիսի 23-ին Բաքվում Ավստրիայի դեսպանության բացման հետ, որի արարողությանը մասնակցել է նաև Ավստրիայի արտգործնախարար Միխաել Շփինդելեգերը, ով տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 25-ին Երևան է ժամանել:

Նյութի հեղինակ Մարկուս Բերնաթը հարցադրում է անում` արդյոք Ավստրիան Կասպից ծովի մոտակայքում նոր դեսպանության կարիք ունի: «Պատասխանը երեք տառից է բաղկացած` OMV»,- գրում է նա: OMV-ն վառելիքա-էներգետիկ ոլորտում աշխատող ավստրիական Österreichische Mineralölverwaltung կորպորացիայի անվան հապավումն է:

Հեղինակը պնդում է, որ ավստրո-ադրբեջանական համագործակցությունը պատճառաբանված է բացառապես նավթա-գազային գործոնով: «Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դիվանագիտական ներկայացուցչություն բացելով` կառավարությունը մտադիր է մեկնարկային աջակցություն ցուցաբերել նավթային կոնցեռնին` Nabucco գազատարի նախագծի իրականացման հարցում»,- պարզաբանում է հեղինակը: Նրա հաջորդ դիտարկումը վերաբերում է Ադրբեջանի հետ համագործակցության դրդապատճառներին ու դրա կասկածելի բնույթին. «Ավտորիտար կառավարմամբ ու նավթով և բնական գազով հարուստ Ադրբեջանը Արևելքից դեպի Եվրոպա եկող և Ռուսաստանի վերահսկողությունը շրջանցող գազի տարանցման ուղու բանալին է: Դրա համար, ինչպես կարծում են ոմանք Վիեննայում, արժե որոշ քաղաքական զոհողությունների գնալ»:

Այնուհետև հեղինակը տեղեկացնում է, որ Բաքվում դեսպանատան բացմանը մասնակցելու նպատակով Ադրբեջան այցելել է տպավորիչ պատվիրակություն` արտգործնախարար Միխաել Շփինդելբեգերի ու տնտեսության նախարար Ռայնհոլդ Միթերլեհների գլխավորությամբ: «Նավթային ու գազային բումի մեջ գտնվող հետխորհրդային երկիր ժամանածներից միայն 50 հոգի ներկայացնում էին Առևտրա-արդյունաբերական պալատի գործատուների խումբը, որն իր հերթին OMV-ի թևն է

Արժեքային հարթության մեջ ավստրո-ադրբեջանական համագործակցության նպատակահարմարությունը կասկածի տակ դնելուց հետո նյութի հեղինակը փաստը դիտարկում է առօրյա գործնական խնդիրների համատեքստում: «Շփինդելեգերը խոսում է «հատկապես ճգանաժամի պայմաններում մեր արտաքին քաղաքականության նոր վերակողմնորոշման վառ վկայության» մասին: Մինչդեռ փաստն այն է, որ արտաքին գործերի նախարարությունը ծախսերի պատճառով փակել է Համբուրգում և Ռիո դե Ժանեյրոյում գտնվող հյուպատոսությունները, իսկ աշխարհի առաջնությունից հետո կփակի նաև Քեյփթաունում գտնվող հյուպատոսությունը»,- նշում է հեղինակն ու զարմանք հայտնում, որ այդ պայմաններում Ավստրիան առանձին ներկայացուցչություն է բացում Բաքվում` «զարմացնելով հարավկովկասյան մյուս երկու երկրներին` Ադրբեջանի հետ պատերազմի մեջ գտնվող Հայաստանին ու իրեն միջնորդ համարող Վրաստանին»: Հեղինակն, ըստ երևույթին, ուշադրություն է հրավիրում հարավկովկասյան երկրների նկատմամբ Ավստրիայի հավասարակշռված մոտեցման խախտման վրա:

Վերջում հոդվածագիրը ներկայացնում է իր զրուցակիցների գնահատականները` սեփական մտահոգությունների մասին: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբակցության անդամ Ուլրիկե Լունաչեկը, մասնավորապես, Der Standart-ին ասել է. «Բաքվում դեսպանության բացումն օրինական կլիներ միայն այն դեպքում, երբ մենք պահանջված չափով հետամուտ լինեինք Ադրբեջանում խոսքի ազատությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը»: Ուլրիկե Լունաչեկը, ով նաև Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի կոմիտեի անդամ է, 2009 թվականի դեկտեմբերին նախաձեռնել էր մի բանաձև, որով քննադատության էր ենթարկել Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների համար պայքարող երկու երիտասարդ ակտիվիստների ձերբակալման ու դատապարտման փաստը:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն իր հերթին հայտնել է, որ խոսքի ազատության իրավունքի նկատմամբ վերաբերմունքն Ադրբեջանում պետք է փոխել և ավելացրել է, որ հունիսի 29-ին հրապարակելու է Ադրբեջանի մասին իր զեկույցը, որտեղ գնահատականներ են տրվելու նշված և մի շարք այլ խախտումների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---