Ղարաբաղյան հակամարտության իրողությունների անտեսումը կարող է բացասական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա

Ղարաբաղյան հակամարտության իրողությունների անտեսումը կարող է բացասական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա նշել է,որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կենսական կարևորություն ունի: «Խնդիրը լուծում ունի մասնավորապես ԵԱՀԽ Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Ցավոք, Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է տարածաշրջանում իր նավթային գերշահույթների հաշվին սպառազինությունների մրցավազքը` խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված բոլոր նորմերը: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չի դադարում մշտապես հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով` իր հասարակության մեջ թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ: Նույնիսկ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված բանակցությունների շեմին Ադրբեջանը զերծ չի մնում ռազմական գործողությունների սպառնալիքների կիրառումից, ինչի վկայությունն է վերջերս նրա կողմից ընդունված ռազմական դոկտրինը: Սակայն ողջ տարածաշրջանի համար վտանգավոր գործելակերպ որդեգրած Ադրբեջանի կեցվածքը մինչ օրս չի արժանացել որևէ գնահատականի միջազգային համապատասխան ատյանների կողմից»,-ասել է Հովիկ Աբրահամյանն իր ելությում:

Ինչպես ասվում է ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, խոսնակը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը նուրբ և զգայուն շատ կողմեր ունի, հարցին առնչվող հրապարակային հայտարարությունների և դիրքորոշումներ արտահայտող փաստաթղթերի ընդունման խնդրում, հայկական կողմն ակնկալում է առավելապես անաչառ ու հավասարակշիռ մոտեցումներ: «Այս շարժառիթներով ես նամակ եմ հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին` կապված 2010 թ. մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձևի հետ: Բանաձևում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող ոչ ճշգրիտ ձևակերպումներ, քանի որ բանաձևի հեղինակը լավատեղյակ չլինելով հիմնախնդրի նրբերանգներին, երբևէ չի այցելել տարածաշրջան ու չի խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես Եվրամիության անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ: Արդյունքում անտեսվել են հակամարտության էության հետ առնչվող կարևորագույն փաստեր.

- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող հակադրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել ոչ 1918 թ. հռչակված անկախ Ադրբեջանի, ոչ էլ վերջինիս իրավահաջորդը հանդիսացող ներկայիս Ադրբեջանի կազմում:

- Ադրբեջանը ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման խաղաղ և օրինական գործընթացի, դիմել է ուժի կիրառման և 1991-1994 թթ. սանձազերծել է լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ինչի հետևանքն են հակամարտության գոտում առաջացած իրողությունները:

- Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռևս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, ներկայացնում և պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող փոխարինել նրան: Որպես հետևանք չի կարող ԼՂՀ կենսական շահերին վերաբերող հարցերով ստանձնել պարտավորություններ վերջինիս փոխարեն: Ուստի, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ ճանաչելը կնպաստի արդյունավետ և ամբողջական բանակցությունների կայացմանը:

Այս իրողությունների անտեսումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Պատահական չէ սահմանի վրա վերջերս տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքը, որի հետևանքով զոհվեցին 5 հայ և մեկ ազերի զինվորներ:

Ցանկանում եմ նշել նաև, որ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերում հետաքրքիր գաղափարներ են պարունակվում Հարավային Կովկասի և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա խորացման մեխանիզմների վերաբերյալ»,-ասել է Ազգային ժողովի նախագահն իր ելույթում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---