Հովիկ Աբրահամյանը Հայաստան է հրավիրել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիին

Հովիկ Աբրահամյանը Հայաստան է հրավիրել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիին

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւի ՄԱԿ-ի Ազգերի պալատում Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի նիստի ավարտին մի շարք հանդիպումներ է ունեցել, մասնակից երկրների խորհրդարանների նախագահների եւ միջազգային կառույցների ղեկավարների հետ:

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Զրուցակիցները կարեւորել են 2009 թ. սեպտեմբերին Իրան կատարած ԱԺ նախագահի այցի ընթացքում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու խորհրդարաններում բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը:

Միջխորհրդարանական կապերը ավելի խորացնելու նպատակով Հովիկ Աբրահամյանը Ալի Լարիջանիին հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց: Կողմերը կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցությունը եւ երկուստեք նշեցին, որ տարածաշրջանային հակամարտությունների և ճգնաժամերի ընթացքում Հայաստանի և Իրանի իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված և շրջահայաց մոտեցումներով: Անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրին: Զրուցակիցները շեշտեցին, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով: ՀՀ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաև ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրի հետ: Հ.Աբրահամյանը բարձր գնահատեց ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Նա գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում եւ կարեւորեց առևտրատնտեսական համագործակցության ձեռքբերումները:

Պարոն Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Մոնակոյի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Ռոբիյոնի հետ: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի զարգացումը: Հ. Աբրահամյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ շեշտեց, որ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այլ ձեւաչափ մեր երկրի համար ընդունելի չէ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---