ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ կարևոր նախադեպի դեր կկատարի ԼՂՀ ճանաչման համար

ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ կարևոր նախադեպի դեր կկատարի ԼՂՀ ճանաչման համար

PanARMENIAN.Net - Դեռ մինչ Կոսովոյի անկախության հռչակումը, փորձագետները, որոնք զբաղվում էին Բալկանների հակամարտություններով, նշում էին, որ ԼՂՀ-ն ավելի շատ իրավական ու ինստիտուցիոնալ հիմքեր ունի անկախության հասնելու համար, քան Կոսովոն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրային խորհրդի արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով նախագահ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ըստ նրա, այս առումով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ կարևոր նախադեպի դեր կկատարի ԼՂՀ ճանաչման համար:

Ինչպես նշել է Մասիս Մայիլյանը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո Հայաստանը հիմք ստացավ բանակցություններ սկսել Պրիշտինայի հետ Երևանի կողմից Կոսովոյի անկախության և Պրիշտինայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ: Կոսովոյի անկախության ճանաչման հարցում Հայաստանի դրսևորած զսպվածությունը վերջին երկու տարում արդյունք չտվեց, այն դեպքում, երբ Սերբիան հաջողությամբ զարգացրեց իր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի հետ, որոնք առաջինների թվում ճանաչեցին Կոսովոյի անկախությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հրաժարվեն հնացած մեթոդաբանությունից, որը նրանք կիրառում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և պետք է ձեռնամուխ լինեն ԼՂՀ-ի համար նոր առաջարկությունների մշակմանը, որոնք հաշվի կառնեն այսօրվա միջազգային-իրավական իրողություններն ու հակամարտությունների լուծման ժամանակակից պրակտիկան»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 22-ին օրինական ճանչեց Սերբիայից Կոսովոյի անկախությունը: Ըստ դատավճռի, որը հրապարակվեց հինգշաբթի երեկոյան, Կոսովոյի անկախությունը, որ հռչակվեց 2008թ. փետրվարի 17-ին, «չի խախտում միջազգային իրավունքը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---