ԼՂՀ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են խորացնել խորհրդարանական կապերը

ԼՂՀ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են խորացնել խորհրդարանական կապերը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ստիվեն Փաունդին, որին ուղեկցում էր այդ երկրում Հայ դատի հանձնախմբի անդամ Սևան Արթինը:

Բրիտանացի խորհրդարանականի հաղորդմամբ` իր այցը, ինչպես և նախորդ անգամ` 2007 թվականին, ճանաչողական բնույթ է կրում: «Խնդիրս է անմիջականորեն տեղում ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի ներքին կացությանը, քաղաքական վերնախավի և ժողովրդի տրամադրությանը` կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ»,- ասել է նա:

Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահը հակիրճ ներկայացրեց հանրապետության քաղաքական դաշտը, ձևավորված խորհրդարանական ավանդույթները և դրանց զարգացման տեսանելի հեռանկարները, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և այդ կապակցությամբ երկրի իշխանությունների ու ժողովրդի վերաբերմունքը:

Զրույցի ընթացքում խոսք գնաց նաև միջխորհրդարանական կապերի ձևավորման խնդրի շուրջ: Այդ համատեքստում, մասնավորապես, քննարկվեցին արցախցի և բրիտանացի խորհրդարանականների միջև փոխադարձ շփումների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---