Երևանում ավարտվել է առաջին Համահայկական շախմատային օլիմպիադան

Երևանում ավարտվել է առաջին Համահայկական շախմատային օլիմպիադան

PanARMENIAN.Net - Երևանում ավարտվել է առաջին Համահայկական շախմատային օլիմպիադան, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, Շախմատի ֆեդերացիայի և Հայաստանի Շախմատի ակադեմիայի կողմից:

Օգոստոսի 23-ին Շախմատի ակադեմիայի բակում կայացել է օլիմպիադայի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը

Մրցաշարն ընթացել է անհատական և թիմային պայքարում շվեյցարական համակարգով: Թիմային առաջնությունում լրացուցիչ արդյունքներով հաղթել է ԱՊՀ թիմը, երկրորդ տեղում են Երևանի շախմատիստները, երրորդ տեղում` եվրոպացի շախմատիստները:

Անհատական պայքարում անգերազանցելի էր Պողոս Նահապետյանը (Ռուսաստան), երկրորդ տեղում է` Տիգրան Պետրոսյանը (Երևան), երրորդ տեղում` Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա): Կանանց շարքում հաղթող է դարձել Դիանա Հարությունովան (Ուկրաինա), երկրորդ տեղում է Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ), երրորդ տեղում` Սիրանուշ Անդրեասյանը (Հայաստան): Բոլոր հաղթողները ստացել են դրամական պարգևներ: Հատուկ մրցանակներ են ստացել ամենակրտսեր մասնակիցները` Սամվել Սևյանը (Սան Ֆրանցիսկո) և Մանուել Պետրոսյանը (Արցախ):

Փակման արարողության ժամանակ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պողոսյանն ասաց, որ կազմակերպիչները ցանկանում են մրցաշարն ավանդական դարձնել. «Մենք շատ ուրախ ենք, որ օլիմպիադան անցավ այնպես, ինչպես նախատեսվել էր: Կարծում եմ, որ Համահայկական շախմատային օլիմպիադան ավանդական կդառնա և տեղի կունենա տարին երկու անգամ»,- ասել է Պողոսյանը:

Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի խոսքերով, օլիմպիադան ընթացել է համառ պայքարում, և շախմատասերները գեղեցիկ շախմատային պարտիաներ են դիտել: «Օլիմպիադային մասնակցում էին ուժեղագույն շախմատիստներ, ինչը մրցաշարն ավելի գրավիչ էր դարձնում: Հուսով եմ, որ տարեց տարի այն ավելի հետաքրքիր կդառնա»,- նշել է Լպուտյանը:

Օլիմպիադային մասնակցում էին 12 թիմեր (40 շախմատիստներ) 10 երկրներից: Յուրաքանչյուր թիմ ներկայացնում էին 3 պատանի և մեկ աղջիկ: Թիմերը կազմվել էին տարածաշրջանային սկզբունքով` Հայաստան և Ռուսաստան (երկուական թիմ), Արցախ, ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկա (մեկական թիմ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---