ՄՃԽ. Իշխող վերնախավը տիրում է Ադրբեջանի կյանքի բոլոր ոլորտներում

PanARMENIAN.Net - Իլհամ Ալիևի նախագահությունն ազդարարվեց երկրի քաղաքական կյանքի կայունացմամբ, իսկ տնտեսությունը խթանվում է նավթի արտահանմամբ: Սակայն կայունությունն ուղեկցվում է ավտորիտար կառավարման համախմբամբ, ազատությունների ճնշմամբ, իշխող վերնախավը տիրում է կյանքի բոլոր ոլորտներում: Իլհամ Ալիևի կողմից հանրության վերահսկման մակարդակը շատ ավելի բարձր է, քան Հեյդար Ալիևի օրոք էր: Այդ մասին ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի «Ադրբեջան`խոցելի կայունություն» զեկույցում: Զեկույցը կազմված է չորս բաժիններից և ունի շուրջ 20 գլուխ, որոնց թվում են` ռեժիմի քաղաքական դիմանկարը, Իլհամ Ալիևի իշխանության համախմբումը, Ալիևի անձի պաշտամունքը, Ռամիզ Մեհտիևը և նրա գվարդիան, հարաբերություններն իշխող վերնախավի շրջանում, օլիգարխները, ընտանիքն ու կոռուպցիան որպես ԶԼՄ-ների կառավարման հիմք:

«Երկրում թույլ է ընդդիմությունը և քիչ են անկախ ԶԼՄ-ները: Միջազգային հանրությունը իշխանությունների վրա ճնշում գործադրելու լծակ չունի, գոյություն ունի ինքնագրաքննություն: Այս ամենն ընդդիմությանը մղում է ընդհատակ և դեպի ծայրահեղական կրոնական խմբեր: Թեև նախագահ Ալիևը լիովին վերահսկում է կառավարությունը, սակայն նա ամենակարող չէ և կախված է վերնախավից: Նավթի եկամուտներն էլ ավելի ամրապնդեցին քաղաքական համակարգի լճացումը: Սակայն այդ եկամուտների նվազման դեպքում, կայունությունը կդրվի սպառնալիքի տակ և հարկ կլինի ձեռնարկել քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ: Ադրբեջանը կարող է բաց թողնել իր էներգետիկ ռեսուրսները ամուր պետության ստեղծման համար օգտագործելու պատմական հնարավորությունը: Հարստության անարդար բաշխումը և հասարակական հիասթափությունը կնպաստի ծայրահեղականության ու անկայունության աճին»,-ասվում է զեկույցում:

Ճգնաժամային խումբը խորհուրդ է տալիս Ադրբեջանին թույլ տալ հավաքների ազատություն, այդ թվում արտոնել ցույցերը քաղաքի կենտրոնում, իրական ընդդիմության համար մատչելի դարձնել պետական հեռուստատեսությունն ու ռադիոն, ազատել քաղբանտարկյալներին` ներառյալ լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևին և բլոգերներ Էմին Միլլիին ու Ադնանա Հաջիզադեին: Խորհուրդ է տրվում նաև վերսկսել BBC, RFE/RL և «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունների հեռարձակումներն ազգային հաճախականություններով, պարզեցնել ՈԿԿ-ների գրանցումը, վերաբացել վերջերս փակված մեջիթները, գրանցել ոչ ավանդական կրոնական համայնքները, ներառյալ սալաֆիտներին:

Իշխանությունները պետք է նաև թափանցիկ դարձնեն պետական ներդրումների, մրցույթների և պետական պայմանագրերի վերաբերյալ տվյալները, ապահովեն օրենքների պահպանումը, որոնք պարտավորեցնում են պաշտոնյաներին հաշվետու լինել իրենց երկամուտների վերաբերյալ, ստեղծել կայուն շուկայական տնտեսություն, սահմանափակել դրամական փոխանցումները Նավթային հիմնադրամից պետբյուջե: Միջզգային կազմակերպություններին խորհուրդ է տրվում Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվել մարդու իրավունքների խնդրի գերակայությամբ:

Ասվում է նաև, որ ընտրություններն Ադրբեջանում գնալով առավել ոչ ժողովրդավարական են դառնում: Այս ամենն արվում էր օրենսդրության խստացման և ազատական նորմերի վերացման , ինչպես նաև միջազգային կազմակերպությունների քննադատության ֆոնի վրա:

«Նավթն ու գազը հարստացրին գանձարանը և նպաստեցին կայունությանը, ինչը թույլ է տալիս կառավարությանը գնել հանրության աջակցությունը և հարսարակությունը պահել ապակազմակերպված վիճակում»,-ասվում է ՄՃԽ զեկույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---